Օն-լայն խաղերի սիրահարը երկու ամիս չի հեռացել ինտերնետ-սրճարանից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Հունանի նահանգի Չանդե քաղաքում 23-ամյա բնակիչ Ցզյան Տանոն, ով "World of Warcraft"ինտերնետային օն-լայն խաղերի սիրահար է, շուրջ երկու ամիս շարունակ անցկացրել է ինտերնետ-սրճարանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատավամիջոցները, չինացու մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է խաղային ֆորումներում: Ստացված տեղեկությունների համաձայն` երիտասարդը տեղավորվել է սրճարանի անկյունում, որտեղ քնել եւ սնվել է` չլքելով «աշխատանքային վայրը»:
Երիտասարդն այդ ընթացքում չի փոխել հագուստը եւ լոգանք չի ընդունել, ուստի իր արտաքին տեսքով եւ հոտով հաճախորդներին վանել է սրճարանից:
Ինտերնետ-սրճարանի տնօրենը հայտնել է, որ նա նորմալ կատարում է վճարումները եւ որ ինքը բողոքներ չունի:
Ցզյան Տանոն ամսական ստանում էր 1100 դոլար աշխատավարձ, սակայն գործատու ընկերության սնանկանալուց հետո մնացել է առանց աշխատանքի:
Չինացու համար վիրտուալ աշխարհը ոչ թե ժամանցի վայր է, այլ եկամուտ ստանալու նոր ձեւ: Նա վիրտուալ ոսկիները վաճառում է տարբեր կայքերում եւ զգալի պահանջարկ է վայելում:
Նա խոստացել է մեկ ամսվա ընթացքում աշխատանք գտնել եւ հաջողության դեպքում թողնել այս զբաղմունքը: