Մարկ Բրունեն Ֆրանսիայից Հայաստան է եկել հեծանվով` բարեգործական նպատակներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարկ Բրունե է այն ֆրանսիացու անունը, ով բարեգործական նպատակով իր հայրենիքից Հայաստան է եկել հեծանվով` անցնելով 6000 կմ տարածք: Մարկն իր հեծանվարշավը մեկնարկել է հուլիսի 21-ին` իր հայրենի Վալանս քաղաքից: Ճանապարհորդությունն անցել է ավելի քան տասը երկրներով` Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա եւ Վրաստան:Արշավի հենց սկզբից Բրունեն ճամփորդել է մենակ եւ առանց որեւէ մեկի աջակցության, քնել է իր վրանում կամ ճանապարհին հանդիպած պատահական մարդկանց տներում: Սեպտեմբերի 26-ին Բրունեն հյուրընկալվել է Իջեւանում, որը Վալանսի քույր քաղաքն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բրունեն, Հայաստանն իր համար հոգեհարազատ իրողություն է, սակայն արդեն դժվարանում է հիշել, թե առաջին անգամ Հայաստանի մասին որտեղ է լսել կամ կարդացել: «Ես հայ ժողովրդի կողմից նմանատիպ ընդունելության եւ խանդավառության մասին երազել անգամ չէի կարող: Նախնական մոտիվացիայի գաղափարը եւ շահագրգռվածությունն արդեն իսկ կար, եւ դա արդեն բավական էր»,- ասաց նա:

Մարկ Բրունեն Ֆրանսիայում ունի ձայնագրման ստուդիա, նա նաեւ սիրողական մարզիկ է: Մարկն այս ճամփորդությունը ձեռնարկել է ոչ միայն որպես սպորտի սիրահար: Նրա նպատակը մարդասիրական է` ճամփորդության ընթացքում նա միջոցներ է հայթայթել Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» եւ «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն» կազմակերպությունների համար, որոնք արդեն 20 տարուց ավելի միասին աշխատում են Հայաստանում: Հավաքված գումարները կօգտագործվեն Շիրակամուտ գյուղի «Արեւիկ» մանկապարտեզի ջեռուցման համակարգը հիմնանորոգելու համար: «Իմ արածը սխրանք չէ, ես միայն հեծանիվի ոտնակներն եմ սեղմել, իսկական սխրանք իրագործեցին այն մարդիկ, ովքեր տրամադրեցին այդ գումարները: Ընդհանուր առմամբ` հավաքվել է մոտ 10 հազար դոլար»,- ասաց Բրունեն: Նա չմոռացավ նշել նաեւ, որ ուղղակի հիացել է Հայաստանի բնությամբ, տեսարժան վայրերով: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն Բրունեի արածն իսկական սխրանք համարեց, իսկ իրականացրած առաքելությունը` կապող օղակ Վալանսի եւ Երեւանի միջեւ: Մարկ Բրունեն անպայմանորեն կրկին կվերադառնա Հայաստան` նորանոր բացահայտումների նպատակով:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ