Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք է մշակվում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն օրերս քննարկել և քվեարկության արդյունքում նպատակահարմար է համարել մինչև մեկ տարի ժամկետով հետաձգել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:Հանձնաժողովից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ որոշումը պայմանավորված է Կառավարության կողմից նույն օրենքի նոր նախագծի պատրաստմամբ:
ՀՀ արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը ձեռնարկել է ընդհանրապես նոր օրենքի նախագծի մշակումը: Այն նույնպես ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Ինչպես տեղեկացանք նախարարությունից, օրինագիծը հիմա լրամշակման փուլում է. ավարտից հետո կներկայացվի միջազգային կառույցներին և շահագրգիռ կողմերին կարծիքների համար, որից հետո արդեն կառավարություն և Ազգային Ժողով:
Փորձագետների կարծիքով` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» հին օրենքն այլևս չի կարողանում կարգավորել մի շարք խնդիրներ: Հին օրենքի անկատարելիությունն իր բացասական հետևանքներն է թողնում ինչպես տոտալիտար (քայքայիչ) աղանդների անարգել գործունեության, այնպես էլ պետական անվտանգությանը հարվածող մի շարք երևույթների (ինչպիսին է խղճի և կրոնական համոզումի հիմքով զինծառայությունից խուսափելը) վրա:
Ինչ վիճակում է այսօր 1990-ականներից փոփոխությունների բազմաթիվ փուլերում հայտնված այս օրենքը
Ամփոփ ներկայացնենք այս ասպարեզի մի շարք հուզող հարցեր:Մինչ նոր օրենքը կդառնա հրապարակելի, այս ընթացքում արդեն մի քանի եհովայի վկաներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հասցրին եվրոչափանիշներով ՀՀ-ից գանձել 30 000 եվրո տուգանք՝ ժամկետային զինծառայությունից խուսափելու համար, իսկ հուլիսի 3-ին Պետդեպարտամենտի զեկույցում կրկին բարձրաձայնվեց այս օրենքի անկատարության մասին ու անհասկանալիորեն անկատարության հետ մեկտեղ զեկույցում տեղ գտան նաև մի քանի կետեր, որոնք ոչ միանշանակ են ընկալվում հայ հասարակության կողմից. Զեկույցն արձանագրում է, որ օրենքը որոշակի արտոնություններ է երաշխավորում Հայ առաքելական եկեղեցուն, որոնք մատչելի չեն այլ կրոնական խմբերի, բայց միթե ԱՄՆ-ին ծանոթ չէ ողջ արևմուտքում ընդունված է Established church-գերիշխող եկեղեցի տերմինը (իսկ Հայաստանի պարագայում եկեղեցին ողջ պատմության ընթացքում ակամա որդեգրել է պետական գործառույթներ և մեզ համար ավելի քան կարևոր է Հայ Առաքելական եկեղեցուն բացառիկ դերը):
Մեզնից պահանջները չգիտես ինչու չափազանց բարձր են ու հաճախ ոչ փաստարկված, այն պարագայում, երբ նույն զեկույցում արձանգրում են, որ Արդբեջանում կրոնական ազատությունների տեսանկյունից արձանագրվել է մթնոլորտի բարելավում: Գաղտնիք չէ, սակայն, որ Ադրբեջանում այս ոլորտում անհանդուրժողականությունը ծայրաստիճան ընդգծված է: Եթե նրանք դադարել են կրոնական գրականություն կալանքի տակ դնել, դա դեռ չի նշանակում, որ բարելավել են մթնոլորտը: Պետդեպի մոտեցումը նորից անհասկանալի է:
Հայաստանում կրոնական կազմակերպությունների ընդհանուր թիվը 64-ն է: Բացի դրանից՝ երեք կազմակերպություններ սկզբնապես գրանցված են եղել որպես կրոնական, սակայն հետագայում ներկայացել են որպես հասարակական, բարեգործական կազմակերպություններ: Որոշ աղբյուրներ շրջանառում են երկրում ավելի քան 350 հազար աղանդավորի գոյության մասին։
Պատրաստեց Զարուհի Դիլանյանը