Արցախն էթնիկ հայերով բնակեցված մի վայր է, որտեղ հայերը հաստատել են ազատ ապրելու իրենց իրավունքը. New York Times
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: New York Times պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին, նրա պատմությանը եւ պերճ գեղեցկությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը`պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Ռասս Ջուսքալյանը գրում է. «Կանգնած Կովկասի լեռների փեշերին` ես զննում էի իմ առաջ փռված անծայրածիր կանաչ լանդշաֆտը: Դեպի արեւմուտք, որը լուսավորված էր մայրամուտի վերջին շողերով, Վանքասար լեռն է` որտեղ կանգնած է լքված մի հին եկեղեցի: Արեւելքում դեպի հորիզոն ձգվող դեղնականաչ հողերն են փռված: Ապա գալիս է Աղդամը` իր հազարավոր փլուզված շինություններով, որոնք ղարաբաղյան հակամարտության լուռ վկաներն են»,- գրում է նա:
Հոդվածի հեղինակն այնուհետեւ անդրադառնում է թուրքերին եւ Հայոց ցեղասպանությանը`մեջբերելով. «Տատիկս Անատոլիայից փախել է` փորձելով փրկվել Օսմանյան թուրքերի ոճրից: Հիշելով Ցեղասպանությունը եւ միաժամանակ ժամանելով Լեռնային Ղարաբաղ`Արցախ` էթնիկ հայերով բնակեցված մի վայր, որտեղ հայերը հաստատել են ազատ ապրելու իրենց իրավունքը, այս ամենը խառը զգացումներ է առաջացնում ինձ մոտ:»
Ռասս Ջուսքալյանը հոդվածում նշում է, որ երբ սկսել է խորանալ եւ փորփրել Լեռնային Ղարաբաղի պատմությունը, ցանկացել է զգալ այն ամենը, ինչ ասվել է Ղարաբաղի մասին. «օրինակ տարվել գեղեցիկ բնությամբ` լի հինավուրց վանքերով, լեռներով, աշխատասեր մարդկանցով, ովքեր փորձում են վերակառուցել եւ վերականգնել ամենը, ինչը ավերվել է»:
2011 թ-ի գարնանը ընկերուհու ուղեկցությամբ Ղարաբաղ կատարած այցի մասին հոդվածագիրը նշում է. «Մենք այնտեղ ապրեցինք հյուրընկալող ընտանիքներից մեկի տանը: Չնայած կենցաղային հարմարությունների բացակայությանը` ես, միեւնույնն է, շարունակում էի մնալ եւ հույս տածել ոչ թե տարածքի մասին ավելին հասկանալու կամ իմանալու, այլ ավելի շատ հասկանալու եւ ճանաչելու սեփական անցյալս եւ արմատներս»:
Նյութը եզրափակելիս Ջուսքալյանը կիսվում է ժինգյալով հացի անմոռանալի համից ստացած տպավորություններով. «Կանաչու տարբեր տեսակներով լցոնված հացից, որը կոչվում է ժինգյալով հաց, գալիս է կծու մանանեխի եւ այլ համեմունքների անուշ բույր»: