Քաղաքականություն

Մենք տարեցտարի եւ օր օրի կայացնում ենք որակապես նոր երկիր. Սերժ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

Մենք տարեցտարի եւ օր օրի կայացնում ենք որակապես նոր երկիր. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է: Եվ այս ընթացքում մենք անցել ենք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով, անցել ենք արժանապատվորեն` երբեք չկորցնելով մարդկային ու քաղաքական դիմագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով ներկա հյուրերին, գործադիրի եւ օրենսդիրի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, մշակութային-հասարակական գործիչներին: Նախագահի խոսքով` կորուստներով եւ սխալներով հանդերձ՝ մենք անցած տարիներին արձանագրել ենք եւ այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ: Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ եւ՛ պետական, եւ՛ հասարակական հատվածներում, ինչպես նաեւ մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ:

«Անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլեւ բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը: Մեր երկրի համեստ ռեսուրսների եւ շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսություն զարգացնել: Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը: Կարողացանք ձեւավորել մեր երկրի ժողովրդավարական հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն: Ե՛վ տնտեսության զարգացումը, եւ՛ անվտանգության ապահովումը, եւ՛ ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն: Դրանք մեր բոլորի ամենօրյա աշխատանքն են, որ պահանջում են սրտացավություն եւ հետեւողականություն»,- ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ ժամանակակից աշխարհում գրեթե չկա մի երկիր, որ չդիմակայի մարտահրավերների: Տարբեր տարածաշրջանների եւ երկրների համար բնականաբար դրանք տարբեր են: «Մենք նույնպես հանձնում ենք մեր բաժին քննությունը: Անկախության տարիների փորձը, որ երբեմն դառն էր, երբեմն` հաճելի, ամեն դեպքում ուսանելի է: Հենց այդ փորձն է մեզ հուշում, որ խնդիրների լուծումները կան, եւ մենք դրանք գտնում ենք: Մենք արդեն գիտենք, որտեղ փնտրել այդ լուծումները, իսկ դա արդեն գործի կեսն է»,- ասաց նա: Նախագահի բնորոշմամբ` նախորդ տարիները եղել են հավատարմության տարիներ: Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին եւ գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին: «Դրա շնորհիվ մենք շատ բանի ենք հասել եւ դեռ հասնելու ենք: Հասնելու ենք, որովհետեւ մենք ընտրել ենք քաղաքակիրթ ազգերի ընտանիքը եւ ոչ այլատյացության ճահիճը: Հասնելու ենք, որովհետեւ դրա համար ունենք բավականաչափ քաղաքական կամք, անցած ճանապարհ եւ մեր աշխատանքով ստեղծած համապատասխան նախադրյալներ»,- ասաց Հանրապետության ղեկավարը: Նախագահն առանաձնահատուկ ընդգծում է, որ այս տոնական օրը մեր բոլորի սրտերն ու աղոթքները Սիրիայի մեր հայրենակիցների հետ են, իսկ մեր պետությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է սատար լինել փորձության մեջ հայտնված հայորդիներին:

«Մենք տարեցտարի եւ օր օրի կայացնում ենք որակապես նոր երկիր: Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայկական պետականություններ եղել են, եւ նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի էր՝ ունենալով զարգացման ուրույն ընթացք: 21-ամյա Հայաստանի Հանրապետությունն էլ անկրկնելի է: Մենք ընթանում ենք չտրորված ճանապարհով. գուցե ոչ այնքան արագ, որքան ցանկանում ենք, բայց գնում ենք հաստատ քայլերով եւ որ ամենակարեւորն է՝ ճիշտ ճանապարհով»,- ասաց Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում