Սաֆարովին ներում շնորհելով Բաքուն վտանգավոր ուղերձ է հղում. Amnesty International
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով եւ փառաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ազդանշան է ուղարկում ադրբեջանցիներին, որ հայերի նկատմամբ բռնությունները ոչ միայ ընդունելի են, այլ նաեւ պարգեւատրվում են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման մտահոգությունն է հայտնել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերի 6-ին տարածած հայտարարության մեջ: Իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Կազմակերպությունը մտահոգված է, որ Ադրբեջանի կառավարության նմանօրինակ գործողությունները կարող են ընկալվել որպես էթնիկ հողի վրա հիմնված բռնության խրախուսում: Amnesty International-ը նաեւ մտահոգված է, որ այս գործողությունները կսրեն հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առանց այն էլ լարված փոխհարաբերությունները եւ կխրախուսեն էթնիկ հողի վրա հիմնված հետագա բռնությունները: Սաֆարովին, ով մեկ այլ մարդու մարմինը մասնատել է միայն նրա հայ լինելու պատճառով, շնորհվել է ներում, մայորի կոչում, նրան ապահովել են բնակարանով, անձնագրով: Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ազդանշան է ուղարկում ադրբեջանցինեին, որ հայերի նկատմամբ բռնությունները ոչ միայ ընդունելի են, այլ նաեւ պարգեւատրվում են: Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Ռամիլ Սաֆարովին շնորհած ցանկացած արտոնություն եւ հրապարակայնորեն դատապարտի էթնիկ բռնությունը: Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ վրեժն անընդունելի է»:
Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվել է քնած ժամանակ` 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում: Հայ եւ ադրբեջանցի սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը ոճրագործ մարդասպան Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: