3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի` Հայաստան կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 6-ին կազմակերպվել էր Հայաստան-Իրաք գործարար համաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրաքից ժամանած գործարարները ներկայացնում են արդյունաբերական ամենատարբեր ոլորտներ` շինարարություն, ջուր, հյութեր, դեղագործություն, տեքստիլ, ծխախոտ, վառելանյութ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը համաժողովի պաշտոնական բացմանը նշեց, որ հայ-իրաքյան կապերն ունեն հազարամյա պատմություն: «Այս այցի կարեւորագույն բաղկացուցիչն է տնտեսական համագործակցությունը: Եվ Հայաստանը, եւ Իրաքը վերջին շրջանում անցել են դժվարին փորձությունների միջով, եւ հիմա մեր առջեւ մենք դրել ենք տնտեսական զարգացման բավականին մեծ եւ խոշորածավալ խնդիրներ»,- ասաց նախարարը: Նա հույս հայտնեց, որ հայ-իրաքյան տնտեսական հարաբերությունները կհասնեն բարձր մակարդակի: Դավթյանը նկատեց, որ վերջին շրջանում Հայաստանն իր առջեւ դրել է նոր խնդիրներ, «եւ մենք տեղափոխվել ենք զարգացման նոր փուլ»: Նախարարի համոզմամբ` Իրաքի շուկայում ներկայացվելու հնարավորություններ եւ լուրջ ներուժ ունեն մի շարք ապրանքներ` սկսած շինանյութերից, սննդի վերամշակման արտադրանքից, վերջացրած պետական, գիտական եւ տեղեկատվական ոլորտի արդյունքներով: Դավթյանը կարծիք հայտնեց, որ այս ցանկը հետզհետե կընդլայնվի:
Համաժողովի ընթացքում համառոտ զեկույցով Իրաքի փոխվարչապետին եւ իրաքցի գործարարներին ներկայացվեց Հայաստանի տնտեսության արդի վիճակը: Զեկույցներով հանդես եկան նաեւ Իրաքից ժամանած գործարարները:
Սեպտեմբերի 4-7-ը Հայաստանում է գտնվում Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը` 35 հոգուց բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են առեւտրի, առողջապահության, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ընդերքի, մարդու իրավունքների նախարարները, ներդրումների ազգային գործակալության եւ այլ պաշտոնատար անձինք: Այցելության ընթացքում տեղի կունենան անհատական գործարար հանդիպումներ համապատասխան ոլորտներ ներկայացնող հայ գործարարների հետ, ինչպես նաեւ այցելություններ հայաստանյան մի շարք գործարաններ:
2007-2010 թթ ընթացքում երկու երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 0.7 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում` արտահանումը կազմել է 0.6 մլն դոլար, ներմուծումը` 0.1 մլն դոլար: Սակայն 2011թ. Հայաստանի եւ Իրաքի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է ավելի քան 25 անգամ եւ կազմել է 19.8 մլն դոլար, որից արտահանման ցուցանիշն է 4.9 մլն դոլար, ներմուծմանը` 14.9 մլն դոլար: 2011թ. Հայաստանից արտահանվել է հիմնականում ծխախոտ եւ ծխախոտին փոխարինողներ (84.9 %), ինչպես նաեւ սեւ մետաղներ (14.1 %): Իրաքից Հայաստան ներմուծվել է հանքային վառելանյութ, նավթ, նավթամթերք, բիտումային միջոցներ (99.9 %) եւ էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ (0.1 %):