Ադրբեջանի պահվածքը պետք է արժանանա համընդհանուր դատապարտման. Սերժ Սարգսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածել է հանցագործության հովանավորի: Սա անընդունելի, մերժելի եւ դատապարտելի երեւույթ է, որը մեծ հարված է հասցնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի նպատակներին, լրջորեն վտանգում է Հարավային կովկասի տարածաշրջանային անվտանգությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու, անտեսելու կատարվածը: «Այն միանշանակ պետք է արժանանա համընդհանուր դատապարտման` ուղերձ հղելով արդարության հաստատման եւ անպատժելիության բացառման»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ 2004 թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացների անցկացման ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումն այնքան արտառոց էր եւ սահմռկեցուցիչ, որ կարիք չկա անդրադառնալու այդ դեպքին: «Այն ժամանակ նենգաբար խախտվել էր Գուրգեն Մարգարյանի հիմնարար` կյանքի իրավունքը: Թվում էր, թե արժանին է մատուցվել` ոճրագործը դատապարտվել էր ցմահ բանտարկության, սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցածը մարտահրավեր է առողջ տրամաբանություն ունեցող մարդկանց համար: Մենք տեղեկացանք, որ հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին եւ անմիջապես ներում ստացել այդ երկրի նախագահի կողմից: Այստեղ ես ներում բառը վերապահությամբ եմ օգտագործում, որովհետեւ թեեւ այդ ակտը, հրամանագիրը կոչվում էր ներման հրամանագիր, բայց իր մեջ պարունակում է արդարացման բովանդակություն` Սաֆարովին արդարացնելու: Աշխարհի որեւէ երկրում ներում շնորհելուն չի հաջորդում խրախուսանք, ներում շնորհվածին չեն պարգեւատրում, աշխարհի որեւէ երկրում հանցագործության համար պատիժ կրելը չի համարվում աշխատանք կամ ծառայություն, բայց նրան վարձատրեցին աշխատանքի համար, աշխատավարձ վճարեցին եւ կոչում շնորհեցին: Սա է խնդիրը»,- ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը` ապշեցուցիչ համարելով, թե ինչպիսի բացահայտ ցինիզմով եւ միջազգային նորմերի ոտնահարմամբ է Ադրբեջանում տեղի ունենում մարդասպանի հերոսացումը:

ՀՀ Նախագահը շեշտեց, որ Հունգարիայի կառավարության քայլը պարզապես անընդունելի է, Հունգարիայի կառավարությունն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, թե ինչպես են Ադրբեջանում հերոսացնուոմ Սաֆարով կոչված մարդասպանին, չէր կարող չկանխատեսել, որ նա ազատ է արձակվելու` առավել եւս, որ այդ մասին խոսվել էր բազմիցս եւ Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները: «Ես այսօր իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն հունգարացիներին, ովքեր այս դժվարին օրերին բարձր բարոյականություն դրսեւորեցին եւ նեցուկ եղան հայ ժողովրդին»,- ասաց հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացվել է Հայաստանի գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձեւակերպումները վտանգավոր են առաջին հերթին այն առումով, որ դրանք քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը: «Համոզված եմ, որ այդ չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին»,- ասաց նա:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English Русский