Հանրապետությունում երեք շաբաթում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 83 տոննա թմրազանգված
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ողջ տարածքումայս տարվա օգոստոսի 7-30-ը անցկացվել է «Կանեփ-կակաչ-2012» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր` հայտնաբերել և ոչնչացնել վայրի աճած և ապօրինի աճեցված ու մշակված կանեփի և կակաչի կանաչ զանգվածները: Միջոցառումն իրականացվել էՀայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետևանք հանդիսացող թմրամոլության հակազդման և կանխարգելման նպատակով, ՀՀ ոստիկանության 2012 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի և «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013թթ. ծրագրի իրականացման ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի» պլանի համապատասխան պահանջների համաձայն:
ՀՀ ոստիկանությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ միջոցառման արդյունավետությունն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հուլիսի 30-ի հեռախոսագրի համաձայն, ոստիկանության Երևան քաղաքում, մարզային վարչություններում ստեղծվեցին շտաբներ, որոնք ղեկավարում էին վարչությունների պետերը, իսկ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները նշանակվեցին օպերատիվ խմբերի պատասխանատուներ: Միջոցառման արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է վայրի աճած 82 տոննա 666.6 կգ կանեփի և 39 կգ կակաչի կանաչ զանգված: Ոստիկանության ծառայողներից բացի միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները: Ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների շնորհիվ` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, մարզային վարչությունների և նրանց ենթակա բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում 86 քաղաքացիների տնամերձ հողամասերից և շինություններից հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 810 կգ կանեփի կանաչ զանգված: Բացի այդ, հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 54 դեպք, ինչի արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 265.8 մլ դեզոմորֆին, 2 կգ 768 գրամ մարիխուանա, 740 գր հաշիշ, 1.1 գրամ հերոին, 2.3 գրամ կոդեին, 10 հատ սուբուտեքս տեսակի թմրամիջոցներ, 15 մլ և 14 հատ հոգեմետ դեղահաբ, 1 սառը զենք, 1 օդամղիչ ատրճանակ, 3 նռնակ, տարբեր տրամաչափի 556 փամփուշտ: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող մեկ անձ: Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է որսորդական 6 հրացան, տարբեր տրամաչափի 72 փամփուշտ: