Ադրբեջանի առանց այն էլ անկում ապրած բարոյական կերպարը հավասարվեց զրոյի. հոգեբան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը թշնամու ձեռքով հայերին մատուցած մեծ հաղթանակն էր, եւ այդ հաղթանակը պետք է օգտագործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց հոգեբանական գիտւթյունների դոկտոր Սամվել Խուդոյանը:Հոգեբանի դիտարկմամբ` Ադրբեջանն առանց ծանրակշիռ անելու իր որոշումը, որոշել է հայերի վրա բարոյահոգեբանական ճնշում գործել: «Հաղթեցինք Եվրատեսիլում, շախմատով, այստեղ էլ կհաղթենք. հենց այս հաղորդագրությունն էին ուզում նրանք ուղարկել»,- ասաց նա:
Այն, որ Ադրբեջանի այս որոշումը, իրոք, երկար մտածված չի եղել Սամվել Խուդոյանն ակնհայտ է համարում: Արդյունքում`Ադրբեջանի` առանց այդ էլ անկում ապրած բարոյահոգեբանական կերպարը հավասարվեց զրոյի:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ կիբերհարթությունում հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսել է ադրբեջանական կողմը, երբ հենց արտահանձնման երեկոյան կոտրեցին շուրջ քսան հայկական կայքեր: «Իսկ ահա առավոտյան հայկական հաքերները հակահարված տվեցին եւ բոլորին հասկացրեցին, որ հայ հաքերները եւս կարող են համարժեք պատասխան տալ»,- նշեց Մարտիրոսյանը: Կիբերպատերազմում երկու տիպի հարձակումներ են եղել` մի դեպքում երկուստեք կոտրվել են կայքերը, մյուս դեպքում` եղել են DDoS հարձակումներ, այսինքն` երբ մեծ քանակի վիրուսային այցելություններ են կազմակերպում, ինչի հետեւանքով կայքերը դադարում են աշխատել: Փորձագետը հիշեցնում է, որ կայք կոտրելով հիմնական խնդիրը չի լուծվում, եւ շատ հաճախ տուժում են անմեղ մարդիկ, ովքեր քաղաքականության հետ որեւէ կապ չունեն:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին` ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների արդյունքում Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: