Հասարակական

Քարեդարյա մարդասպանի կերպարի իդեալականացումը հասարակության բարոյալքման գագաթնակետն է. հոգեբան

3 րոպեի ընթերցում

Քարեդարյա մարդասպանի կերպարի իդեալականացումը հասարակության բարոյալքման գագաթնակետն է. հոգեբան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի հերոսացումն ադրբեջանական հասարակության բարոյական անկման գագաթնակետն է: Ամոթի զգացում ունենալու փոխարեն` նրանց հրճվանքը խոսում է բարոյական տհասության և ախտաբանական գործընթացների զարգացման մասին: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, ազգի հոգեկերտվածքն իմանալու լավագույն ճանապարհը` նրա խորհրդանիշների ուսումնասիրությունն է: «Սիմվոլներում ազգային մտածելակերպը բյուրեղանում է, դրսևորվում է տվյալ ազգի իդեալական կերպարը: Իդեալի հետ այլ մարդիկ հոգեբանական նույնացում են ապրում, այսինքն` ցանկանում են նմանակել, կրկնօրինակել վարքի այդ տեսակը: Սաֆարովի` բարոյալքված քարեդարյան մարդասպանի կերպարի իդեալականացումը նշանակում է, որ ադրբեջանական հասարակության շրջանում հայերի նկատմամբ ագրեսիան ավելի կմեծանա»,-ընդգծեց հոգեբանը: Այնուհանդերձ, Նալչաջյանը պնդում է, որ հնարավոր պատերազմի դեպքումայդ ագրեսիան ամենեւին էլհաղթանակի կամ հերոսացման նախապայման չէ. «դա այն ագրեսիան է, որը ներքուստ քանդում և բարոյական նահանջի մեջ է դնում»:

Հոգեբանի կարծիքով, Ադրբեջանում բարոյական նորմատիվ կողմնորոշիչներն այնքան ցածր մակարդակի վրա են, որ «գող-ավազակներին սիմվոլների մակարդակի վրա բարձրացնելը սկսում է շարունակական երևույթ դառնալ»: «Սաֆարովի կերպարը միակը չէր, սիմվոլացման այս ախտաբանական պրոցեսն իրենց մոտ վաղուց է սկսվել: Նույն շահիդների պուրակը, որ նրանք հպարտ-հպարտ տանում և ցույց են տալիս, էլի մարդասպաններ են, ովքեր խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգություններ են կատարել»,-նշեց նա:

Նալչաջյանի խոսքով, Ադրբեջանին պետք է պատժել, որովհետև եթե չես պատժում` լկտիանում են: «Միջազգային հանրությունը, որն իր հռչակած արժեքային բարձր սկզբունքների մասին մեզ դասեր է տալիս, ևս պետք է լրջագույն ձևով պատժի Ադրբեջանին, այս սրիկայությունը պետք է շտկվի: Դա առաջին հերթին լավ է հենց Ադրբեջանի համար»,-ասաց նա:Ադրբեջանում առանձին անհատների ընդվզումը կարևոր նշանակություն ունենալ չի կարող, քանի որ բարոյազրկումը պետական քաղաքականության մակարդակի վրա գտնվում: «Ադրբեջանի իշխանություններն իրենց ազգին բարոյական տեսակետից փչացրել են»,- եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին` ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների արդյունքում Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում