ՏԻՄ ընտրություններին մարզեր ոստիկանական օժանդակ ուժեր կուղարկվեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ մարզեր կգործուղվեն ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողներ, ովքեր տեղերում կստուգեն ոստիկանների պատրաստականությունը, ինչպես և անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերեն անձնակազմերին: Այս մասին որոշումը կայացվել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններիբնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նիստը վարել է խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում իմի են բերվել նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, ամփոփվել են արդյունքները, քննարկվել ծագած խնդիրներն ու խմբի անդամների առաջարկները:
Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման շրջանում և բուն ընտրությունների ընթացքում օրինականության և հասարակական կարգի ապահովման համար ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետերը անձնական պատասխանատվություն են կրում և պետք է հստակ ու լիարժեք կատարեն ոստիկանության պետի հրամանով հաստատված ծրագրի պահանջները:
Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ոստիկանության մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում կհատկացվեն օժանդակ ուժեր:
Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում տեղեկատվության անխափան ստացումն ու մշակումը ապահովելու նպատակով համակարգող խմբի նիստում որոշվեց սեպտեմբերի 8-ից գործարկել «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապ: