Սպորտ

Հայաստանի սամբիստները կմասնակցեն «Ռուսաստանի նախագահի գավաթի» մրցաշարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի սամբիստները կմասնակցեն «Ռուսաստանի նախագահի գավաթի» մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբիստները կմասնակցեն սեպտեմբերի 7-9-ը Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի նախագահի գավաթը» սամբոյի հեղինակավոր միջազգային մրցաշարին, որին կմասնակցեն աշխարհի 9 առաջատար երկրների մարզիկները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սամբոյի ֆեդերացիայի մամուլի բաժնից, այս մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի,Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Հարավային Կորեայի, Մոլդովայի, Ղազախստանի եւ Թաջիկիստանի սամբիստները:

Հաշվի առնելով առաջիկայում կայանալիք մեծահասակների եւ պատանիների աշխարհի առաջնությունները, ՀՀ սամբոյի ֆեդերացիան որոշել Է այս անգամ մրցաշարին չուղարկել մեր լավագույն սամբիստներին, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ Աշոտ Դանիելյանին, Վաչիկ Վարդանյանին, Վահան Վարդանյանին:

Հայաստանն այս մրցաշարում ըստ քաշային կարգերի ներկայացնելու են 52կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 57կգ Աղասի Նագունցը, 63կգ Վահրամ Գրիգորյանը, 68կգ քաշային Ալբերտ Կարղանյանը, 74 կգ Անդրանիկ Նաղդալյանը, 90 կգ Արամ Հարությունյանը, 100կգ քաշային Հակոբ Առաքելյանը եւ 100կգ ավելի քաշային Տիգրան Անտոնյանը:

Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչն Է Վովա Խոջայանը:

Արժե նշել,որ Կարղանյանը եւ Անտոնյանը ՀՀ բանակի կենտրոնական մարզական ակումբի սաներն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում