1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը, որը ստանձնել է Երևանի Մերգելյանի Մաթեմատիկական Գիտահետազոտական ինստիտուտի և «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտիների կառավարումը, մտադիր է ևս 5-7 մլն դոլար ներդնել ենթակառուցվածքների ստեղծման և շահագործման գործում:
«Սիտրոնիքս» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը ԵՐՄՄԳՀԻ-ում լրագրողներին հայտնեց, որ ինստիտուտի տարածքում գործող ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու համար արդեն իսկ կնքվել է առաջին համաձայնագիրը: Բացի այդ` չիպ-դիզայնի ոլորտում մասնագիտացած կանադական R&A ARTS ընկերությունը, համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացրած բիզնես-պլանի և ՀՀ կառավարության կողմից տրամադրված համապատասխան լիզենզիայի, կսկսի իր գործունեությունը ԵՐՄՄԳՀԻ ՓԲԻ տարածքում գործող ազատ տնտեսական գոտում:
Քննարկման փուլում են նաև մի շարք չինական և այլ երկրների բարձրտեխնոլոգիական ընկերությունների կողմից ներկայացված հայտերը:
«Սիտրոնիքս» ընկերության կառավարմանը հանձնված ազատ տնտեսական գոտիների տարածքը կազմում է 83 հազար քմ, որից «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ` 56 հազար քմ, ԵՐՄՄԳՀԻ ՓԲԻ`27 հազար քմ: