Հայաստանում ազատ տնտեսական գոտին իրականություն է դառնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարության որոշմամբ` բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ազատ տնտեսական գոտիների ստեղծման աշխատանքներն ընթանում են ըստ համապատասխան ժամանակացույցի: Երևանի Մերգելյանի անվան Մաթեմատիկական Գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը, ներկայացնելով ինստիտուտի տարածքում ընթացող աշխատանքները, նշեց, որ ավարտվում են համապատասխան ենթակառուցվածքների շինարարական աշխատանքերը: Արդեն կառուցվել է մեծ ցուցահանդեսային տարածք, որտեղ անցկացվելու են տարածաշրջանային և տեղական նշանակության բարձր տեխնոլագիական ցուցահանդեսներ: Շենքի ճակատային մասում լինելու է տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսադիոդային վահանակ, որտեղ գովազդվելու են բարձր տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները:

Ցուցահանդեսային կենտրոնը նաև հնարավորություն է ընձեռելու նորարարներին ներկայացնելու իրենց մշակումները: Հետաքրքրություն առաջացնելու դեպքում դրանք կդրվեն արտադրության մեջ:

Ազատ տնտեսական գոտում արդեն իսկ ռուսական «Սիտրոնիքս» տեխնոլոգիական կոնցեռնի և ԵրՄՄԳՀԻ ՓԲԻ կողմից 2 մլն դոլարի ներդրումներ են իրականացվել, և մինչև սույն թվականի հոկտեմբերի վերջ պատրաստ կլինեն բոլոր անհրաժեշտ պայմանները համապատասխան գործունեություն ծավալելու համար: «Սիտրոնիքս» ընկերությունը նաև ավարտին կհասցնի ինստիտուտի տարածքում կառավարության կողմից հաստատված 2,5 մլն դոլարի ներդրումային ծրագիրը:

ԵՐՄՄԳՀԻ ՓԲԻ գլխավոր տնօրենը նաև հավելեց, որ շարունակվում է նորարարական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկումը: Մասնավորապես, անցյալ տարի թողարկվել են հատուկ ապակիներ և արտահանվել ՌԴ: Գնորդների թվում է «Ռոսկոսմոսը», որը բարձրտեխնոլոգիական արտադրանքը կիրառել է արբանյակային հրթիռների արտադրության մեջ, ինչպես նաև ռադիոտեխնոլոգիական մի շարք ընկերություններ: 2011թ. այդ արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 1 մլն դոլար:

Ներկայում ընթացքի մեջ են հատուկ ալյումինե պաստառների արտադրությունը, որոնք Ռուսաստանում համապատասխան վերամշակում անցնելուց հետո արտահանվում են Գերմանիա և կիրառվում «Սոլարեն» ընկերության արևային մարտկոցների արտադրության մեջ: Ըստ ինստիտուտի տնօրենի` վաճառքի բարձր ցուցանիշերը պահպանելու համար անհրաժեշտ է անընդհատ նորություններ առաջարկել շուկային, սակայն դրան հասնելու համար պահանջվում են համապատասխան ներդրումներ:

Ինստիտուտը նաև աշխատանքներ է իրականացնում պետական կառավարման ոլորտի ծրագրային ապահովման բարելավման շրջանակներում: Մասնավորապես, պատրաստ է կենսաթոշակային հիմնադրամի համար ստեղծված էլեկտրոնային կառավարման ծրագիրը: Ինստիտուտի կողմից մշակված մոտ 1 մլն դոլար արժողությամբ ավտոմատ կառավարման համակարգեր և համապատասխան բարձրտեխնոլոգիական արտադրանք է ներդրվել ՀՀ Պաշտպանության և Ազգային անվտանգության գերատեսչություններում, ինչը նպաստում է նրանց մարտունակության բարձրացմանը:

Հայերեն