Նախագահի մասնակցությամբ Գյումրիում բացվեց բազմապրոֆիլ բժշկական կենտրոն
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարը սեպտեմբերի 4-ին մասնակցեց Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջեց հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին եւ հաստատության պայմաններին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հիվանդանոցի հիմնարկեքի արարողությանը Նախագահը մասնակցել է դեռ 2010 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ ընթացիկ տարվա ապրիլի 7-ին Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը եղել էր կառուցվող հիվանդանոցի շինհրապարակում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով` այս օրը բոլորի համար նշանակալի օր է, քանի որ Գյումրիում վերջապես բացվեց այս հոյակերտ բժշկական կենտրոնը: «Այն եզակի է իր բնույթով, քանի որ ոչ թե վերակառուցվել է նախկին հաստատության հիմքի վրա, այլ կառուցվել է հիմքից»,- ասաց նա: Նախարարի տեղեկացմամբ, բժշկական կենտրոնը հագեցված է խիստ ժամանակակից սարքավորումներով, արդիականացված բաժանմունքներով, ինչն այսուհետհնարավորություն կտա բարդ վիրահատությունները կատարել տեղում, այլ ոչ թե նախկինի նմանմայրաքաղաք գնալ: Առողջապահության նախարարը նաեւ կարեւորեց մասնագետների վերապատրաստման հարցը եւ նշեց, որ դա կիրականացվի ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում:
Գյումրու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման եւ ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով հագեցնելու աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի վարկային միջոցների հաշվին: Ներդրվել է շուրջ 5.35 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորումը շուրջ 1.34 մլրդ դրամ է, իսկ Համաշխարային բանկինը` 4.01 մլրդ դրամ: Համաշխարհային բանկի տարածաշրջանային ղեկավար Հենրի Գերալին նշեց, որ արված ներդրումը Հայաստանի հետ սերտ համագործակցության արդյունք է: «Ուրախ ենք, որ կարողացել ենք օժանդակել նման հավակնոտ ծրագրի իրականացմանը»,- ասաց նա:
Գյումրու բժշկական կենտրոնի նախագծման աշխատանքերը մեկնարկել էին 2009 թ-ին: Միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման նպատակով` բժշկական կենտրոնի ճարտարապետական նախագիծը վերանայվել է նաեւ միջազգային խորհրդատուների` հիվանդանոցային ճարտարապետի եւ ծառայությունների պլանավորման մասնագետի կողմից: Շինարարությունը մեկնարկել է 2010 թ. սեպտեմբերին, եւ ներկայում կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Բժշկական կենտրոնի շենքին կից կառուցվել է կաթսայատուն եւ էլեկտրամատակարարումն ապահովող էլեկտրաենթակայան` մուտքային երկու անկախ գծերով: Տեղադրվել է նաեւ դիզելային գեներատոր, իրականացվել են կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքներ` ներառյալ արտաքին լուսավորությունը: Նորակառույց կենտրոնը հագեցած է հիմնական բժշկական եւ ախտորոշիչ սարքավորումներով:
Բուժհաստատության տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ` միեւնույն ժամանակ կենտրոնին տրամադրվել են մի շարք սարքավորումներ, որոնք առաջինն են Շիրակի մարզում: Մասնավորապես` ախտորոշիչ բաժանմունքը հագեցվել է համակարգչային շերտադրության ժամանակակից սարքով, տրեմդիլ սարքով` նախատեսված սրտամկանի ֆունկցիոնալ վիճակի գնահատման համար, բարձր արտադրողականություն ունեցող երկու ռենտգեն համալիրներով, եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարքով, որն իրականացնում է նաեւ սրտի եւ անոթների հետազոտություն: Լաբորատորիան, ի թիվս այլ սարքավորումների, հագեցվել է լայն ախտորոշիչ հնարավորություններով օժտված իմունաֆերմենտային վերլուծիչով: Հիմնադրվել է նաեւ հատուկ բազկաթոռներով հագեցած հեմոդիալիզի ժամանակակից բաժանմունք: Բժշկական կենտրոնում կգործի նաեւ անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքավորումով, ինչը հնարավորություն կընձեռի իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություննր. այս բաժանմունքը նորույթ է ՀՀ մարզային առողջապահական համակարգում: Արդյունքում` այսուհետ Գյումրիում կգործի արդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` լայն ախտորոշիչ հնարավորություննեով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի եւ ինտենսիվ բուժման բաժանմունքներով, առանձին սանհանգույց ունեցող մեկ, երկու եւ երեք տեղանոց հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաեւ մայրաքաղաքի եւ արտասահմանի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ: