ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասի ավելացման նպատակով միջոցառումներ կձեռնարկի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այս հարցն ընդգրկված է գործադիրի սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում:
Միջոցառումների շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի ու Սյունիքի մարզպետները համայնքների 139 մլն 446.5 հազ. դրամ ընդհանուր արժեքով սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարները, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով, պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրեն Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Գազատարները, որպես ՀՀ սեփականություն, կներդրվեն «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում և կթողարկվեն լրացուցիչ բաժնետոմսեր:
«ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին, 20 տոկոսը` ՀՀ կառավարությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի բնական պաշարներինախարարության: