Քաղաքաշինության նախարարությունը սեյսմակայունության նկատառումներով կլրամշակի շինարարական նորմերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը հանդես է գալիս շինարարական նորմերը լրամշակելու նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ մասին Քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանը հայտարարել է շինարարական նորմերի վերանայման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են շահագրգիռ մասնագիտացված կառույցների ներկայացուցիչները:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են «Շենքերի եւ կառուցվածքների վերակառուցում, վերականգնում եւ ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի լրամշակման ուղղությամբ նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների եւ տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության առաջարկությունները: Շիննորմերում լրացում կատարելու առաջարկությամբ հանդես է եկել նաեւ «Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիան»: Խորհրդակցության մասնակցները կարեւորելով խնդրի հրատապությունը` պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվ լինել Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվելիք շինարարական նորմերի լրամշակված տարբերակի քննարկմանը: