Երեւանի քաղաքապետը հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել սոցծառայություններ ներկայացված բոլոր դիմումները
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սոցիալական ծառայություններ դիմող մայրաքաղաքի բնակիչների կողմից ներկայացված որևէ դիմում անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով այս հարցում լինել խիստ հետևողական:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սոցիալական ծառայություններում լիարժեք ու կանոնակարգված աշխատանք ապահովելու նպատակով քաղաքապետը հորդորել է մանրակրկիտ ուսումնասիրել ներկայացված բոլոր դիմումները:
Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վարչական շրջանների ղեկավարների և վարչության համատեղ աշխատանքի արդյունքներից, շեշտելով, որ իրավիճակն այսօր մայրաքաղաքում արմատապես փոխվել է: Քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական և շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը:
Մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունները պարտավոր են պահպանել անհրաժետ նորմերն ու շինհրապարկներից դուրս եկող բեռնատար մեքենաների պահանջվող մաքրության ապահովումը: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված չափորոշիչների պահպանման պարտավորության ապահովմանը:
Սեպտեմբերից դպրոցներում և բուհերում դասերի վերսկսման հետ կապված մայրաքաղաքում կանոնակարգված երթևեկություն ապահովելու նպատակով հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ և կանգառներում բացառել կուտակումները:
«Ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանեք խիստ վերահսկողություն: Հատուկ ուշադրություն դարձրեք երթուղի դուրս բերվող մեքենաքանակին և խստորեն վերահսկեք, որ հատկապես առավոտյան և երեկոյան առավել ծանրաբեռնված ժամերին դրանք աշխատեն սահմանված ժամանակացույցի համաձայն, առանց ուշացումների», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի կողմից խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրվելնաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման և որակի ապահովման ուղղությամբ մշտական հսկողություն սահմանելու նպատակով:
Զեկուցվել է, որ բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում հայտարարությունների և բազմաթիվ այլ պաստառների զետեղումը բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի որոշակի հատվածներում արդեն տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների առաջին խմբաքանակը:
Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մեջ է նաև մայրաքաղաքի փողոցների մաշված բետոնային և բազալտե եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը:
Անդրադառնալով քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին, զեկուցվել է, որ նախատեսված 1083 շքամուտքերից արդեն վերանորոգվել են 986-ը: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
Խորհրդակցության ընթացքում համապատասխան կառույցներին հանձնարարվել է նաև ուժեղացնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում կրծողների դեմ պայքարը: