Քաղաքականություն

Հայաստանի կուսակցությունները ԵԺԿ հարթակը կօգտագործեն hունգարական կուսակցությանը պատասխանատվության կոչելու համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կուսակցությունները ԵԺԿ հարթակը կօգտագործեն hունգարական կուսակցությանը պատասխանատվության կոչելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ հայաստանյան քաղաքական ուժերը կօգտագործեն ԵԺԿ հարթակը Հունգարիայի իշխանություններին պատասխանատվության կոչելու համար: ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից էքստրադիցիայի ենթարկելու եւ Ադրբեջանում ներում շնորհելու խնդրի հետ կապված իրենց դիրքորոշումն «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեցին ԵԺԿ անդամ հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչները: «Մենք պիտի յուրաքանչյուր խողովակ օգտագործենք` կլինի կուսակցական, պառլամենտական, այս հարցը միջազգային կառույցներում բարձրաձայնելու համար: Մեր թիվ մեկ խնդիրն այս հարցով արտահերթ նստաշրջան գումարելն է: Իսկ մասնավորապես ԵԺԿ-ի հարթակից հարցը բարձրաձայնելու առնչությամբ քննարկում դեռևս չի եղել, բայց մեր մոտեցումը հստակ է` դիրքորոշումը հնչեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահը»,- նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ժառանգություն»կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ կուսակցությունը հունգարական որոշման առնչությամբ քննարկումներ կունենա` իրենց կողմից արվելիք քայլերի կապակցությամբ: Այն խողովակներով, որը հասու է «Ժառանգությանը», անշուշտ, կփորձենք ճնշել` այս խնդրի արդարացի լուծմանը հասնելու համար:

«Կուսակցությունը պատրաստվում է հարցը բարձրացնել ԵԺԿ-ում: Մենք` հայկական պատվիրակությունը, միասնաբար անպայման հանդես կգանք»,-այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՕԵԿ կուսակցության մամլո խոսնակ Արթուր Միսակյանը:

Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշումը կայացրած Վիկտոր Օրբանի ղեկավարած կառավարությունը ներկայացնում է Հունգարիայի իշխող կոալիցիան, որն անդամակցում է ԵԺԿ-ին: Հայաստանյան երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունն», 2012-ի նույնպես ԵԺԿ մաս են կազմում:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնահարել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովըդատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին նա էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան եւ նույն օրը ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից:

Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում