Մայրաքաղաքի վերգետնյա անցումները շահագործման կհանձնվեն սեպտեմբերի վերջին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կառուցվող յոթ վերգետնյա անցումների շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն սեպտեմբերի վերջին:«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչությունից տեղեկացրին, որ անցումներից չորսն արդեն կանգնեցվել են. դրանք կոսմետիկ նորոգումն ավարտելուց հետո ամբողջովին պատրաստ կլինեն 5-10 օրվա ընթացքում: Անցումներն արդեն ամբողջովին կանգնեցվել են Երեւանի Լենինգրադյան, Աճառյան, Խանջյան եւ Հալաբյան փողոցներում, եւս երեքը շուտով կկանգնեցվեն Արշակունյաց, Իսակովի, Ազատության պողոտաներում եւ Ներսիսյան փողոցի խաչմերուկում:
Փողոցներում վերգետնյա անցումների վայրի ընտրությունը կատարվում է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, ճանապարհային ոստիկանության, քաղաքի գլխավոր ճարտարապետի եւ նախագծայինկազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ քննարկման արդյունքում: Քաղաքապետարանից տեղեկացրին, որ հետիոտնի տեղաշարժման անվտանգության ապահովման եւ տրանսպորտի անարգել աշխատանքի նպատակով մայրաքաղաքում ութ վերգետնյա անցումներ կառուցվել էին նախորդ տարիներին: