Հասարակական

Սահմանամերձ Այգեհովտի բնակիչները պատերազմից չեն վախենում, սակայն խաղաղություն են երազում

4 րոպեի ընթերցում

Սահմանամերձ Այգեհովտի բնակիչները պատերազմից չեն վախենում, սակայն խաղաղություն են երազում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այգեհովիտ գյուղը Տավուշի մարզի սահմանամերձ համայքներից է: Օրը բացվում է, սակայն տեղի բնակիչները չգիտեն` այն ինչպես կավարտվի, քանի որ թնշամու կրակոցները ժամ ու պատարագ չունեն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հակառակորդի կրակոցների հաճախակիության մասին գյուղում խոսում են բոլորը: 68-ամյա տիկին Ռիման շատ է վախենում թոռնիկի համար: «Այս տարի թոռս առաջին անգամ դպրոց պիտի գնա: Հեսա սեպտեմբերի 1-ն է, չգիտեմ ո՞նց կլինի: Շատ ենք վախենում, դպրոցների վրա հաճախ են կրակում»,-ասում է նա: Տիկին Ռիմայի նման վախենում է նաեւ 80-ամյա Գուրգեն պապը, սակայն ոչ միայն իր թոռնիկի, այլեւ ամբողջ գյուղի բնակիչների համար: Գուրգեն պապն իր աճեցրած նռան ծառից մեզ միրգ է հյուրասիրում եւ անթաքույց հուզմունքով ու արցունքներն աչքերին պատմում է, որ հակառակորդի կրակոցների ձայների տակ են քնում:

«Ես պատերազմից չեմ վախենում, սակայն խաղաղություն եմ ուզում, այդ ադրբեջանցին չի հասկանում այդքանը, իր զինվորի մահի համար չի ցավում, բայց մենք էտպես չենք: Անգամ մեր զինվորի կամ գյուղացու փոքր վնասվածքի դեպքում` մեծ ցավ ենք ապրում»,-ասում է Գուրգեն պապը: Նա ցավում է նաեւ, որ «թուրք»-ի սահմանին մոտ է գտնվում իր խաղողի այգիները, որոնք չի կարողանում մշակել: «Հենց ուզում ենք մտնել աշխատել, մեկ էլ կրակում են, դուրս ենք գալիս, նորից ենք մտնում, էլի են կրակում»,-ասում է նա:

Գուրգեն պապը ցանկություն ունի նաեւ, որ գյուղացու խնդիրները լուծում ստանան: «Այ բալես, ապրում ենք թնշամու կողքին, վախի, սարսափի մթնոլորտում, զինվորի նման մենք էլ ենք պահում ու պաշտպանում գյուղը, բայց գոնե մեր խնդիրները մի քիչ լուծվեն: Գյուղի տանիքները նորոգման կարիք ունեն, աշխատատեղեր չկան, բացի դա, ունենք ահռելի քանակությամբ բուսաբուծական մթերքներ, որոնք չենք կարողանում իրացնել, քանի որ շուկան փոքր է եւ չենք կարողանում այդքան դեղձ, սալոր, տանձ վաճառենք: Մենք ուզում ենք պետությունը մեզ օգնի, որ կարողանանք մթերել»,-ասում է Գուրգեն պապը:

Այգեհովիտի գյուղապետի օգնական Հենրիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցներ հիմնականում լինում են սահմանագծի մոտ, սակայն ավելի հաճախ` Կայանավան բնակավայրի մերձակայքում, որն ավելի մոտ է սահմանին: «Դրանից ներքեւ մենք ունենք խաղողի այգիներ, վարելահողեր, որոնք չենք մշակում հակառակորդի պատճառով: Մոտ 670 հեկտար հողատարածք ունենք, որոնց ընդհանրապես չենք կարողանում մոտենալ, քանի որ շատ մոտ են ադրբեջանական սահմանին»,-նշեց Հովսեփյանը: Նա շեշտեց, որ իրենց կողքին ադրբեջանական Ջափառլի գյուղն է, որտեղ հիմնականում իրենց հենակետերն են: «Եթե թնշամու հենակետերն ավելի բարձր դիրք են գրավում, քան մերը, ապա մեզ ավելի քիչ են անհանգստացնում, այսինքն` չեն համարձակվում»,-վստահեցրեց նա:

Ադրբեջանական կողմի կրակոցների թվի ավելացման մասին խոսում են նաեւ փաստերը: ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը տեղեկացրեց, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ աճել են: Նրա փոխանցմամբ, եթե 2011թվականին` սահմանագծի ամբողջ երկայնքով արձանագրվել է հրադադարի խախտման 12 հազար 700 դեպք, ապա ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում ադրբեջանական կողմն արդեն հասցրել է հրադադարի ռեժիմը խախտել ավելի քան 12 հազար անգամ, որից միայն 1200-ի դեպքում է հայկական կողմից պատասխան կրակոց արձակվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում