2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիան միացել է բասկետբոլի եվրոպական ֆեդերացիային ուղղված դիմում-բողոքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բողոքի պատճառն այն է, որ FIBA-Եվրոպան ընդունել է մի շարք որոշումներ, որոնք չեն բխում կազմակերպության շահերից: Բողոքում նշվում է, որ բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան իր մարզական հարցերը լուծում է նեղ անձնական շահերից ելնելով, որն էլ խոչնդոտում է կազմակերպության բնականոն աշխատանքը: Բողոք-դիմումի նպատակն է արտահերթ համաժողով հրավիրել ու FIBA- Եվրոպայի նոր նախագահ եւ խորհրդի անդամներ ընտրել:
«Այո, նման որոշում կայացվել է, Հայաստանը նույնպես միացել է այդ դիմում բողոքին: Դրանով անձամբ զբաղվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը»,- «Արմենպրես»-ին հայտնեցին բասկետբոլի ազգային ֆեդերացիայից: Որոշ հանգամանքներ ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ֆեդերացիայի նախագահի` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ, սակայն տեղեկացրին, որ նախարարը գտնվում է արձակուրդում:
Բասկետբոլի միջազգային 51 ֆեդերացիաներից 27-ը միացել են այդ դիմումին: Ստորագրած երկրների թվում են` Ավստրիան, Ռուսաստանը, Ալբանիան, Անդորրան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Հայաստանը, Հունգարիան, Իսրայելը, Լատվիան: