Վերապատրաստվել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է իրականացնել Վրաստանում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ-ից, այս տարի վերապատրաստումը կազմակերպվել է բնագիտամաթեմատիկական առարկաների գծով: Վերապատրաստումն իրականացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները, Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում` օգոստոսի 16-ից 20-ը ներառյալ: Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական դպրոցների մաաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցչներին կտրվեն համապատասխան վկայականներ:
Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին և ամենամյա պարբերականությամբ շարունակվում են մինչ այժմ: Նախորդ երկու տարիներին վերապատրաստվել է «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների և տարրական դասարանների 192 ուսուցիչ: