3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմության կողմից հայկական համայնքին սպառնալիք ներկայացնող որեւէ պաշտոնական հայտարարություն գոյություն չունի:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հավաստիացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` մեկնաբանելով համացանցում տարածված այն հայտարարությունը, իբր, Սիրիայի «Հեղափոխության գերագույն խորհուրդ» կոչված կառույցը սպառնում է սիրիահայ համայնքին` Բաշար ալ Ասադի իշխանությանը պաշտպանելու համար:
«Համացանցը Սիրիայում չի գործում, ուստի տարածված լուրերին պետք չէ ականջ դնել: Նման տեղեկատվության մասին Սիրիայի հայությունն ունի հստակ դիրքորոշում. որեւէ հակամարտ ուժի թիկունք չենք: Մեր հարգանքն ու զորակցությունը նվիրված է Սիրիային եւ նրա ժողովրդին, որն ունի մեկ նպատակ` խաղաղությունը վերադարձնել Սիրիային»,-նշեց Ռեիսյանը: Նման հայտարարությունների տարածման մեջ Ռեիսյանը չբացառեց Թուրքիայի գործոնը:
«Հստակ է, որ ընդդիմադիր կողմը ուղղակիորեն վայելում է Թուրքիայի հովանավորչությունը, սակայն նման լուրերը որեւէ պաշտոնական հաղորդագրության չի կարող վերածվել: Այս ամենը կարող է ուղղվել` խաթարելու հայ-արաբ բնակչության բարեկամական հարաբերությունները»,-շեշտեց Ռեիսյանը:
Խոսելով Հալեպում առկա իրավիճակի մասին` առաջնորդարանի մամլո խոսնակը նշեց, որ գիշերը եղել են պայթյուններ, այժմ էլ ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ, սակայն այս պահին հայաբնակ թաղամասերում հատուկ գործողություններ չկան:«Ամեն տեղ խիստ հսկողություն է, եւ հնարավոր է որեւէ կետում, թաղամասում բախումներ կամ այլ գործողություններ վերսկսեն: Այս պահին էլեկտրականությունն ու հեռախոսակապը եւս վերականգված են. պետությունն առավելագույն կերպով փորձում է այդ ամենով ապահովել բնակիչներին»,-նշեց Ռեիսյանը:
Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստան են ժամանել ավելի քան 2 հազար սիրիահայեր, իսկ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան: