2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեսական 33 ամբիոնների աշխատակիցների համար 2012-2013 թ.թ. ուսումնական տարին կսկսվի աշխատավարձերի բարձրացմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ի մամուլի ծառայությունից, աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է դարձել համալսարանիղեկավարության հետևողական աշխատանքի արդյունքում: Սեպտեմբերին բուհիբոլոր աշխատակիցները կստանան նաեւ պարգևավճար` աշխատավարձի 50 տոկոսի չափով: Աշխատավարձերի բարձրացումը չի ազդի համալսարանի ուսանողների վարձավճարների վրա։
Ինչպես նախկինում տեղեկացվել էր, 2012-2013 թ.թ. ուսումնական տարում ԵՊԲՀ-ի վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացիների համար (ուսանողների, ինտերնների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների) ուսման տարեկան վարձաչափերը փոփոխության չեն ենթարկվի: Որոշակիորեն կավելանան միայն արտասահմանցի, այն էլ` այս ուստարում ընդունված ուսանողների վարձաչափերը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շարունակվում են բարեփոխումները թե՛ կրթական, թե՛ կլինիկական և թե՛ ֆինանսատնտեսական ոլորտներում: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերջին տվյալների համաձայն` բժշկականը երկրի խոշոր հարկատուներից մեկն է, իսկ բուհերի ցանկում` առաջինը: