Տարածաշրջանային

Ադրբեջանում կրկին այրել են Իսրայելի եւ Հայաստանի դրոշները

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում կրկին այրել են Իսրայելի եւ Հայաստանի դրոշները

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի մոտ գտնվող Նարդարան ավանում մզկիթի ախունդ Հաջի Աթամալիի գլխավորությամբ հակաիսրայելական միտինգ է տեղի ունեցել: Նարդարանի հոգեւոր առաջնորդը միտինգի մասնակիցներին կոչ է արել «պայքարել Իսրայելի եւ միջազգային սիոնիզմի դեմ»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Հանուն մեր եւ ձեր իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության կայքը:

Միտինգում ունեցած ելույթում Նարդարանի ավագանու խորհրդի նախագահ Քերբելալի Նաթիգ Քերիմովը Ադրբեջանի իշխանություններին քննադատել է արտաքին քաղաքականության մեջ «Իսրայելի հետ ռազմավարական գործընկերության վրա կենտրոնանալու» համար:

Քերիմովի խոսքով` «մահմեդական հողերի ազատությունն անցնում է Երուսաղեմի ազատագրման միջով»: Միտինգի ավարտին մասնակիցները բանաձեւ են հրապարակել եւ այրել Իսրայելի եւ Հայաստանի դրոշները:

Երեկ Իրանում եւ մի շարք մահմեդական երկրներում նշվել է «Ղուդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրը» կամ, այլ կերպ ասած, Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրը: «Ղուդսի համաշխարհային օրը» հռչակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի կողմից 1979 թ-ին եւ նշվում է Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը` ի նշան բողոքի «իսրայելցիների կողմից Երուսաղեմի բռնազավթման»: Ադրբեջանի Նարդարան ավանում պարբերաբար տեղի են ունենում հակաիսրայելական ակցիաներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում