ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստանում հյուրընկալվող ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն Ախալցխա ուղեվորվելու նախորդ օրը Թբիլիսիում այցելեց Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Էջմիածին տաճարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմի մամլո դիվանից,Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված վիրահայերի հոծ բազմությունը դիմավորեց իրենց աշխարհահռչակ հայրենակցին:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, երգչին եկեղեցու բակում դիմավորեցին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հայ հոգևոր դասը, թբիլիսահայ հասարակայնությունը:
Ազնավուրը Վիրահայոց թեմի առաջնորդի ուղեկցությամբ, աղոթք բարձրացրեց Հայաստանի և Վրաստանի բարեկամության և աշխարհասփյուռ հայության միասնության աղերսով: Վիրահայոց թեմի առաջնորդը գնահատանքի և օրհնության խոսք ուղղեց մեծ շանսոնյեին, իր կարճատև դադարի ընթացքում հայկական եկեղեցում մոմ վառելու և թբիլիսահայության հետ հանդիպելու առիթը բաց չթողնելու համար:
Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ Շառլ Ազնավուրի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով մեծ մարդասերին և բարեգործին` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն սերն ու հարգանքը, որ տածում է թբիլիսահայությունը իր հայրենակցի նկատմամբ: Դեսպանն ակնածանքով հիշեց այն ջերմությունը, որով մեկ տարի առաջ տեղի հայությունը հայոց եկեղեցում դիմավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիյանը Շառլ Ազնավուրինև ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց կենտրոնի ծավալած գործունեությունը:
Մեծ ազգասերին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, խեցեգործ Լեվոն Օսիպովը, երաժիշտ Լևոն Շահբազյանը: Շառլ Ազնավուրը վրացահայ հայրենակիցներին արեւշատություն բարեմաղթեց վրացական «Քինձմարաուլի» գինով:
Երեկոյան ի պատիվ ֆրանսահայ շանսոնյեի Վրաստանում ՀՀ դեսպանության անունից տրվեց պաշտոնական ընթրիք:
Ավելացնենք, որ Վրաստան ժամանած Շառլ Ազնավուրը, 22 հոգուց բաղկացած իր երաժշտական խմբի հետ օգոստոսի 16-ին կմասնակցի Ախալցխայում Ռաբաթ վերականգնված ամրոցի բացմանը: Լեգենդար շանսոնյեն իր նախնիների ծննդավայր Ախալցխայում առաջին անգամ հանդես կգա համերգով: