Ասադը կօգտագործի թշնամի Թուրքիայից վրեժխնդիր լինելու առիթը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային քաղաքականության կարեւորագույն հարցերից, որտեղ դիվանագիտական պատերազմը ռազմական գործողությունների հետ մեկտեղ կարեւոր նշանակություն ունի: ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի ձախողումը եւ վերջինիս հրաժարականը բացասական ազդեցություն թողեցին Սիրիայում օրեցօր խորացող ճգնաժամի վրա: Ինչպես հայտնի է, Անանի հրաժարականը կապված էր միջազգային հանրության կողմից աջակցություն չստանալու հետ:

Քոֆի Անանն ավելի պարզ հայտարարել է, որ սիրիական ազգը վճռական միջոցներ ձեռնարկելու կարիք ունի, մինչդեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շարունակում է զբաղվել մեղադրանքներ ներկայացնելով` ավելացնելով, որ նման պայմաններում ոչ ոք ի վիճակի չէ ստիպել Սիրիայի կառավարությանը եւ ընդդիմությանը բանակցություններ սկսել:

Այսպիսով` արյունալի բախումները Սիրիայի կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ հետզհետե սկսեցին ավելի սրվել, սկզբում Դամասկոսում եւ նրա արվարձաններում, ապա դրանք ավելի բուռն կերպով շարունակվեցին Հալեպում եւ նրա շրջակա տարածքներում:

Ընդդիմադիրները հայտարարել էին, որ շրջապատել են Դամասկոսը եւ պատրաստվում են լուրջ հարձակում գործելով` գրավել մայրաքաղաքը: Թեպետ Ասադի զորքերին հաջողվեց մեծ հարվածներ հասցնել ընդդիմադիրներին, այնուամենայնիվ, նրանց եւս հաջողվեց իրականացնել խոշոր ահաբեկչություն Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, որի հետեւանքով զոհվեց Պաշտպանության նախարարը եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Խոշոր ահաբեկչությունը, որը եւս մեկ անգամ ցնցեց Սիրիան, իհարկե, խուճապի չմատնեց երկրի ղեկավարությանը: Ընդհակառակն, Ասադը նոր Պաշտպանության նախարար նշանակելուց հետո լայնածավալ գործողություններ սկսեց ահաբեկիչների դեմ Սիրիայի ողջ տարածքով: Ահաբեկիչներին հետապնդելու արդյունքում զինված ուժերը Սիրիայի տարբեր տարածքներում` Դամասկոսի արվարձաններում, Հալեպում, Հոմսում եւ Համայում, ոչնչացրին ահաբեկչական խմբավորումներ, ձերբակալեցին նրանց եւ պայթեցրին մեքենաները, զենքերն ու տեխնիկան:

Արյունալի բախումներն ավելի բուռն կերպով սկսվեցին Հալեպի` մուսուլմաններով բնակեցված թաղամասերում, որոնք, ի սկզբանե, Ասադի իշխանության դեմ էին:

Բախումները բավական մոտեցել էին քրիստոնեական եւ հայկական թաղամասերին: Հալեպահայերին խորհուրդ էին տվել դուրս չգալ բնակարաններից եւ հեռու մնալ լուսամուտներից ու բաց տարածքներից:

Սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանն«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ օգոստոսրի 6-ին Հալեպում շարունակվող բախումների հետեւանքով երկու հայ է զոհվել, եւս մեկը վիրավորվել է: Նրա խոսքով` Դամասկոսում եւ նրա շրջակա տարածքներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Թեպետ իշխանական ուժերը մեծ վնասներ հասցրեցին ընդդիմադիրներին, այնուամենայնիվ, Բաշար ալ Ասադին եւս մեծ անակնկալ մատուցվեց: Ամենադժվարին պահին վերջերս նշանակված երկրի վարչապետ Հիջաբ Ռիյադը փախավ երկրից: Լրատվամիջոցները սկսեցին իրարամերժ տեղեկություններ տարածել, որ նրա փախուստը երկար ժամանակ ծրագրված էր սիրիական ընդդիմության կողմից, որ նա Հորդանանում է: Մինչդեռ Հորդանանը հերքեց այդ լուրը: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ նա ուղեւորվում է Քաթարի մայրաքաղաք: Հիջաբի մամլո քարտուղարը հայտնեց, որ նա գտնվում է հարեւան արաբական երկրներից մեկում, սակայն կոնկրետ չի ցանկանում նշել իր գտնվելու վայրը:

Թե ինչու վարչապետը նման քայլի դիմեց կամ ինչպես փոխեց իր դիրքորոշումը, դեռեւս մնում է անհայտ: Կարելի է ենթադրել, որ միգուցե նա ենթարկվել է շանտաժի կամ ստիպված է եղել նման քայլի դիմել տարբեր պատճառներով... Այնուամենայնիվ վարչապետի փախուստը ավելի զգոն կդարձնի Ասադին անվտանգությունը խստացնելու հարցում:

Այս հարվածից հետո եւս Սիրիայում խառնաշփոթ չառաջացավ, ղեկավար մարմինները հայտարարեցին, որ Սիրիան ուժեղ երկիր է եւ պատրաստ է հաղթահարել խոչընդոտները:

Սիրիան վերջերս հայտարարել է, որ արդեն բացվել են բոլոր խաղաքարտերը եւ ակնհայտ երեւում են Սիրիայի թշնամիները, որոնք կանգնած են տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների հետեւում: Այդ երկրների թվում են առաջին հերթին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ մեծ դեր են կատարում Թուրքիան, Քաթարը եւ Սաուդյան Արաբիան:

Ահաբեկիչների` Սիրիա ներխուժումը հիմնականում տեղի է ունենում Թուրքիայի տարածքից: Նախկինում թուրք-սիրիական բարեկամական հարաբերություններն այժմ վերածվել են բացահայտ թշնամության: Եթե Թուրքիան նախկինում Սիրիայի հետ միասին պայքարում էր քրդերի դեմ, այժմ այսօր Սիրիայի առաջնային թշնամիներից մեկն է:

Նա նույնիսկ բացել է իր օդանավակայանները եւ սահամանները Ալ Կաիդայի եւ իսլամիստ ծայրահեղականների համար: Սակայն Թուրքիան հաշվի չի առել մի հանգամանք, որ ծայրահեղականներ կան նաեւ իր երկրում եւ կարող են փոխել երկրի կայուն իրավիճակը: Անհավանական չէ, որ Թուրքիայում կայուն վիճակը կարող է կարճ տեւել հենց քրդերի պատճառով: Չի բացառվում, որ այդ ամենից ռազմական գործողություններ կարող են սկսվել Թուրքիայում:

Սիրիայում ստեղծված իրավիճակից կարող են օգտվել քրդերը, իսկ Ասադը նրանց կօգնի:

Պատահական չէ, որ նախագահ Ասադը գրագետ քայլի է դիմել` հյուսիս-արեւմտյան տարածքներից հանելով իր զորքերը եւ այդպիսով փոքր-ինչ հսկողություն փոխանցելով քրդերին: Եվ այժմ, բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ, քրդերին հրարավորություն է տրվել պաշտպանել այդ տարածքները:

Հավելենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթներ առաջ ասել էր, որ իր երկիրը կարող է հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին:

Վերլուծությունը` Տաթեւիկ Հարությունյանի

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres