Մարզային

Ֆրանսիացի կամավորները մասնակցում են Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի կամավորները մասնակցում են Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին

ԳՈՐԻՍ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վիեն քաղաքի երիտասարդ կամավորներն արդեն յոթ օր է` Գորիսում են եւ մասնակցում են Հին Գորիսի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Երրորդ տարին է, ինչ կամավորները մասնակցում են եկեղեցու վերականգնմանը, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Երկիր-մշակույթ» կազմակերպության, Գորիսի քաղաքապետարանի ու Գորիսի քույր ֆրանսիական Վիեն քաղաքի աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գորիսի քաղաքապետարանից, կամավորներին գլխավորում է «Երկիր-մշակույթ»-ի ներկայացուցիչ Հովսեփ Փափազյանը, նրանց ընդունել է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, Գորիսի ակտիվ երիտասարդական խմբերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երիտասարդների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար քաղաքապետարանը կազմակերպում է ժամանցային հետաքրքիր ծրագրեր, էքսկուրսիաներ Գորիսի տեսարժան վայրերում: Կամավորները Գորիսում կմնան մինչեւ օգոստոսի 10-ը, իսկ սեպտեմբերի 29-ին նախատեսված է շահագործման հանձնել Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կիսաքանդ է եղել 300 տարի շարունակ: Եկեղեցու հին զանգը չի պահպանվել: Տեղադրվելիք նոր զանգը, որի ձայնը լսելի կլինի անգամ 5 կմ-ի վրա, պատվիրված է Մոսկվայում եւ եկեղեցուն է հանձնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խարատրյանը, իսկ խաչի մասին հոգացել է քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

Եկող տարի «Երկիր-մշակույթը» կիրականացնի Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքի բարեկարգման աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում