3 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիի մարզը Էկոտուրիզմի զարգացման համար մեծ հնարավորություններ ունի: Մարզի հյուսիսում` Տաթեւում, արդեն զարգանում է զբոսաշրջությունը, մինչդեռ հարավային շրջաններում զբոսաշրջիկներին ավելի շատ կհետաքրքրի հարուստ բնաշխարհը, վայրի բնությունն ու այստեղ առկա պատմամշակութային հուշարձանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնեց իտալացի փորձագետ Նադյա Պասկուալը, ով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն» ծրագրի եւ Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ ծրագրի շրջանակում որպես կարճաժամկետ խորհրդատու Սյունիքում կատարել է ուսումնասիրությւոններ եւ բացահայտել տուրիզմի զարգացման հնարավորությունները:
Իտալացի փորձագետը մարզում տուրիզմի այս տեսակի զարգացման համար դեռեւս շատ աշխատանքի կարիք է տեսնում: Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է բարեկարգել ճանապարհները, կատարելագործել տուրիզմի տեղեկատվական ծառայությունները, բնակիչների շրջանում մեծացնել օտար լեզուներով հաղորդակցվելու կարողությունը եւ այլն: Իսկ տուրիզմի զարգացումն իր հերթին կխթանի տեղական բիզնեսի, հատկապես մասնավոր սեկտորի զարգացումը: ԵԱՀԿ-ի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացվող այս ծրագրի բաղադրիչներից մեկով նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել մարզի հյուրանոցային համալիրների, ռեստորանների աշխատակիցների, գիդերի համար: Ի դեպ, «Շիկահող» պետարգելոցին սահմանակից Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերից 32 անհատական տների սեփականատերեր արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու այդ դասընթացներին, որից հետո կբարելավեն իրենց տան պայանները` շբոսաշրջիկներ ընդունելու համար: «Ես մեծ բավականություն ստացա Սյունիքից, իսկ մինչեւ այստեղ գալս նույնիսկ գաղափար չունեի, թե որտեղ եմ գալիս»,- ավելացրեց իտալացի փորձագետը` նշելով, որ մարզի մասին քիչ տեղեկություն ուներ:
Նադյա Պասկուալը նշեց, որ տուրիզմի զարգացման համար հարկավոր է նաեւ համացանցով հագեցած եւ գրավիչ տեղեկություններով «կանչել» զբոսաշրջիկներին, մինչդեռ Սյունիքի «հրաշքների» մասին ինտերնետում տեղեկությունը շատ աղքատիկ է: