3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Սեւանցիների համար արդեն սովորական է քաղաքի տարբեր հատվածներում և թաղամասերում պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամանների առկայությունը: Մեկ տարի առաջ, ի թիվս այլ քաղաքների, Սեւանում եւս ներդրվեց «Պլաստիկ շշերի առանձնացումը կենցաղային աղբից» ծրագիրը, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, աղբամանների տեղադրմանը զուգահեռ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամն իրականացրել է եռամսյա իրազեկման ծրագիր` «Սեւան երիտասարդական ակումբ»-ի և տեղական իշխանությունների աջակցությամբ: Այդ ընթացքում իրականացվել են հանրային իրազեկման բազմաբնույթ միջոցառումներ:
Ծրագրի իրականացումից մեկ տարի անց` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Սեւանի քաղաքապետարանին, մեկ տարի ժամկետով, անհատույց օգտագործման համար տրամադրվեց աղբատար մեքենա` պլաստիկ թափոնների հավաքման և փոխադրման նպատակով: Աղբահավաք բեռնատար մեքենան քաղաքապետարանին փոխանցելու, ինչպես նաև պլաստիկ թափոնների հավաքման գործողությունների ընթացքին հետևելու համար Սեւան էին այցելել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները:
Հանրային լողափ այցից հետո հյուրերը եղան քաղաքապետարանում, որտեղ նրանց համար ընդունելություն էր կազմակերպվել: Փոխքաղաքապետ Պապ Պետրոսյանը ողջունեց հյուրերին եւ կարեւորեց համայնքում իրականացվող այս ծրագիրը: «Հաշվի առնելով պլաստիկ շշերի վտանգավորությունը բնության և մարդու առողջության համար` գործընթացը պետք է իրականացվի յուրաքանչյուրի ակտիվ մասնակցության եւ քաղաքացիական պատասխանատվության միջոցով: Ճիշտ է, սկզբում կար թերահավատություն, սակայն մեկ տարի անց արձանագրում ենք, որ տեղաշարժն էական է: Նոր աղբատարի գործարկմամբ էլ ավելի համակարգված կլինի աշխատանքը»-նշեց փոխքաղաքապետը:
2012թ. հունիսի 1-ի դրությամբ շուրջ 1000 հատուկ աղբամաններ են տեղադրվել հանրապետության 13 քաղաքներում, որոնցից 140-ը` Սևանում:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Գեռչեւան առաջնահերթություն համարելով բնապահպանական խնդիրների լուծումը` նշեց, որ համախմբել են իրենց կարողությունները, համագործակցում են այնպիսի քաղաքապետարանների հետ, որոնք պատրաստակամ են պլաստիկ թափոնների հավաքման և վերամշակման գործում:
ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան գրասենյակի տնտեսական աճի հարցերով մասնագետ Ջեյսոն Մքնաբը գոհունակություն հայտնեց ծրագրի ընթացքից:
Փոխքաղաքապետ Պետրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Գեռչևան ստորագրեցին Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: