Մշակույթ

Թուրքահայ ռեժիսորը ժողովուրդների երկխոսության բացակայության պատկերն է ներկայացնում այդ երկրում

2 րոպեի ընթերցում

Թուրքահայ ռեժիսորը ժողովուրդների երկխոսության բացակայության պատկերն է ներկայացնում այդ երկրում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան բազմաբնակարան շենք է, շատ սենյակներ ունեցող տուն, որտեղ ապրող ժողովուրդներին արգելված է երկխոսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայիննման բնորոշում տվեց այդ երկրում ապրող, ազգությամբ հայ ռեժիսոր Օզջան Ալպերը` ներկայացնելով «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակից իր ֆիլմը: Նրա խոսքով` Թուրքիայում առկա տարբեր ազգերի ներկայացուցիչներն ունեն տարբեր մշակութային հենքեր, սակայն Օսմանյան շրջանում դրանք միշտ քողարկվել են: «Եթե այդ բազմաբնակարան շենքի մի սենյակում խնդիր կա, քննարկելու փոխարեն կողփվում է դուռը: Ու ժամանակի ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ բոլոր սենյակների դռները փակ են, մարդիկ չեն կարողանում իրար հետ զրուցել: 1915 թ-ին էլ է այդպես եղել»,- ասաց ռեժիսորը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում Օզջան Ալպերը ներկայանում է «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմով, որտեղ ցանկացել է բացահայտել եւ ներկայացնել Թուրքիայի` ամեն ինչ մոռացության մատնելու սովորությունը: «Թեեւ իմ ֆիլմերի առանցքում քաղաքական խնդիրներ են, այնուամենայնիվ, ես ընդհանրապես չեմ ցանկանում վերածել այն քաղաքական գաղափարախոսության»,- ասաց ռեժիսորը:

«Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը պատմում է, թե ինչպես Սումրուն իր մագիստրոսական թեզն է պաշտպանում անատոլիական եղերերգերի եւ դրանց պատմության ժողովածու կազմելու մասին եւ մի քանի ամսով ուղեւորվում է երկրի հարավ-արեւմուտք: Դիարբեքիրում գտնվելու ժամանակ ընթացող անանուն պատերազմի մեջ նա բախվում է սեփական անցյալի մղձավանջին:

Հուլիսի 8-ին մեկնարկած «Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում