Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի բացմանը հաշված ժամեր են մնացել

4 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ի բացմանը հաշված ժամեր են մնացել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի բացմանը հաշված ժամեր են մնացել: Ճանաչված ռեժիսորները, ում ֆիլմերը կմրցեն լավագույնի կոչման համար, արդեն սկսել են հանդիպել հայ լրագրողների հետ, խոսել իրենց ֆիլմերի եւ ծրագրերի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում կներկայացվեն Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը», Անետա Օհանջի «Արզուման» եւ Արմեն Գասպարյանի «Հայկական հաց» ֆիլմերը:

Գերմանիայի եւ Ռուսաստանի համատեղ արտադրության «Հայկական հաց» լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները բաժանող չեզոք գծի մասին, որը եղել է հայկական եկեղեցիների կառուցման համար անհրաժեշտ քարի հիմնական աղբյուրը: Արմեն Գասպարյանի ներկայացմամբ, ֆիլմի հերոսը հնագետն է, ում ձեռքի կճուճի ճաքերը հիշեցնում են Հայաստանի բաժան-բաժան արված մասերը, որի ամբողջականությունը նա փորձում է վերականգնել իր երազներում: «Իրական կյանքում հնագետը հանդիպում է տարեց Արուսյակին, ով նրա համար բացահայտում է ամբողջ Հայաստանը` մի երկիր, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` հավատ»,- ասաց նա: Ֆիլմը բավականին դժվարությամբ է նկարահանվել, քանի որ, Գասպարյանի խոսքով, չափազանց դժվար է եղել գտնել գլխավոր հերոսուհուն, իսկ գտնելուց հետո էլ` նախապատրաստել նրան: Թեեւ ռեժիսորը մտավախություն է ունեցել, որ ֆիլմը խիստ հայկական է, սակայն մի շարք միջազգային փառատոններում այն արժանացել է հանդիսատեսի համակրանքին: Ֆիլմն «Ազգային պատմության ցավոտ հարցերի հմուտ արծարծման համար» արժանացել էժյուրիի 1-ին մրցանակի, 1915 թ. Ցեղասպանության ժամանակ քրիստոնյա հայի հավատի, ուժի խորունկ կինեմատոգրաֆիական վկայության համար` հույն-կաթոլիկ եկեղեցու հատուկ մրցանակի, Մինսկի «Մագնիֆիկատ» միջազգային կինոփառատոնի, Մոսկվայի «Ռադոնեժ» միջազգային կինոփառատոնի` լավագույն օպերատորական աշխատանք մրցանակների:

Ռեժիսոր Արմեն Ռոնովը կինոփառատոնին ներկայանում է «Իմ փոքրիկ իշխանը» խաղարկային լիամետրաժ ֆիլմով: Ֆիլմը ներկայացնում է մեր դարը, երբ մարդկանց ու երկրների միջեւ սառը պատերազմ է ընթանում: Հոգեւոր ճգնաժամ է: Իշխում է ընչաքաղցության ուրվականը: Սա մեծահասակների աշխարհն է, «արքաների», «հարբեցողների», «աշխարհագրագետների» ու «գործ անողների» աշխարհը, ովքեր դադարել են հասկանալ, թե ինչ բան է կյանքը, որն է կարեւոր, որը` անկարեւոր: Փոքրիկ իշխանն ու նրա ընկերները պետք է դիմակայեն դրան: «Ես ցանկացել եմ ցույց տալ, որ մարդիկ շատ բան ունեն սովորելու. ուրախանալ արշալույսով եւ մայրամուտով, հիանալ դաշտերի ու ավազուտների գեղեցկությամբ, գնահատել ջրհորի ջուրն ու աստղերի ցոլանքը: Պետք է մտածել աշխարհի քո հարեւանների փոքր ու մեծ հոգսերի մասին, մխիթարել նրան, ով արտասվում է քո մոլորակում: Չի կարելի մոռանալ «նրանց, ում ընտելացրել ես»: Մարդը պետք է զգա իր պատասխանատվությունն աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ»,- նկատեց Արմեն Ռոնովը: Ֆիլմն անիմացիայի եւ վավերագրության յուրատեսակ համադրություն է: «Յուրաքանչյուր քայլ էքսպերիմենտ է, հենց դրա արդյունքում է ծնվել արվեստների մուսան` կինոն»,- ընդգծեց ռեժիսորը:

Անետա Օհանջը ներկայացնում է «Արզուման» վավերագրական ֆիլմը, որը պատմում է մի մարդու մասին, ով, չնայած դժվարություններին, շարունակում է մնալ լավատես եւ հանդիսատեսին ուղղորդում է նույնն անել, հոռետես չլինել: Փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում