Սեյրան Օհանյանը հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարում
2 րոպեի ընթերցում
![Սեյրան Օհանյանը հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/686197.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի գործողությունները պլանային բնույթ են կրում եւ չեն կարող իրագործվել առանց ռազմաքաղաքական ղեկավարության իմացության: Հունիսի 29-ին Հայրենիքի համար նահատակվածների եւ անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Իրադրության գնահատականը մենք բազմիցս տվել ենք: Նրանք փորձ են անում իրավիճակի սրման միջոցով ազդել միջազգային կառույցների վրա, որպեսզի կարողանան խնդրին ավելի արագ ընթացք տալ: Նաեւ փորձ է արվում միակողմանի պարտադրանքի մթնոլորտ ստեղծել, որին մենք դեմ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց Օհանյանը: Նրա խոսքով` այդ իրավիճակում հայկական կողմը մի անգամ արդեն գտնվել է պարտադրված պատերազմի ժամանակ եւ կարողացել է պատվով դուրս գալ: «Մեր զինված ուժերն այդ քննությունը շատ բարձր գնահատականով են հանձնել: Դիվերսիոն հետախուզական գործողություններին այսօր էլ մենք արժանի պատասխան ենք տալիս: Պատասխանում ենք այն միջոցառումներին, որոնք նպատակային բնույթ են կրում եւ անկանոն կրակոցներին չենք արձագանքում»,-նշեց նախարարը: Նա շեշտեց, որ այդ խնդիրները զինված ուժերի համար փոքր են եւ ժամանակի ընթացքում իրադրությունից ելնելով` արժանի կերպով լուծվում են:
Այսօր հայոց բանակը փորձառու հրամանատարների եւ զինվորների հետ միասին պատրաստ է առաջ նետվել եւ հերոսություններ կատարել: Օհանյանն ընդգծեց, որ իրադրության գնահատման արդյունքում եկել են եզրակացության` ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ցածր է: