Հենրի Քերալին խոստանում է բարելավել ՀԲ աշխատանքը Հայաստանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենի պաշտոնում նշանակվել է Հենրի Քերալին: Նա պաշտոնը կզբաղեցնի հուլիսի 1-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,Քերալին կվերահսկի ՀԲ ծրագիրը երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ կղեկավարի այս երկրներում բանկի` երկրների հետ գործընկերության ռազմավարությունների մշակումն ու իրականացումը:
Քերալին կաշխատի Թբիլիսիից, որտեղ էլ տեղակայված է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը: Քերալին ուրախությամբ է ընդունել այս տարածաշրջանում աշխատանքի անցնելու մասին լուրը: «Քսան տարիների ընթացքում 1.6 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք օգնություն է ՀԲ-ն տրամադրել Հայաստանին` ֆինանսավորելով առողջապահության, կրթության, ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող ծրագրեր: Ես խոստանում եմ շարունակել Ասադ Ալամի եւ ՀԲ-ի` Հայաստանում իրականացրած գերազանց աշխատանքը: Նախագահի հետ հանդիպման ժամանակ երկրի ղեկավարից հանձնարարություն ստացա` էլ ավելի բարելավել Համաշխարհային բանկի աշխատանքը Հայաստանում»,- ասաց Քերալին:
Վերջինս ստանձնել է ասուլիսին ներկա Ասադ Ալամի պաշտոնը, ով աշխատանքի է անցնում Պրետորիայում` որպես Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն: Նորանշանակ տնօրենն աշխատել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում` Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Արեւելյան Ասիա, Եվրոպա եւ այլն: