Ռազմական փորձագետը վստահ է, որ Հայաստանը մի շարք առավելություններ ունի Ադրբեջանի նկատմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից 2014թ-ին ռազմական գործողությունները Հայաստանի եւ Արցախի դեմ հնարավոր են, եթե Ադրբեջանի նավթային ռեսուրսները սպառվեն: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Այդ գործողությունները հնարավոր են, երբ Ադրբեջանը հասկանա, որ սպառազինվելու հնարավորությունները սակավ են եւ դիմի արկածախնդրության: Պատերազմ սկսելու հիմնական գործողը ուժերի հավասարակշռության փոփոխությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ջամալյանը: Նրա խոսքով` այս պահի դրությամբ նման բան չկա, որ հեռանկարում Ադրբեջանը ունենա այդպիսի գերազանցություն: Նա չի սանձազերծի նոր պատերազմ եւ վերսկսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ: «Ռազմական գերազանցություն Ադրբեջանը Հայաստանի հանդեպ չունի, ուժերի հարաբերակցությունը նույնն է, եւ նույնիսկ մի շարք հարցերում հայկական կողմ ունի առավելություններ»,- ավելացրեց փորձագետը:
Պատերազմի մասին տեղեկությունների տարածման մասին խոսելիս փորձագետը նշեց, որ այդ ամենին պետք է քարոզչական համատեքստում նայել: Երբ սպառնալիքների մեջ կոնկրետ ժամանակահատված ու թիվ է մտցվում, եւ երբ սպառնալիքները կոնկրետանում են, այդ ժամանակ հանրության տագնապները ուժգնանում են: «Պետք է ուշադիր լինել եւ տեսնել, թե այդ տեղեկությունն ինչ աղբյուրներից է եկել: Սա քարոզչական հնարք է. ամրագրում է պատերազմի օր, ժամկետ, եւ տագնապների ֆոնին փորձում են ավելի զարգացնել այն թեզը, որ Ղարաբաղը տալու դեպքում կապրեք հանգիստ»,-նկատեց փորձագետը: Նա ընդգծեց, որ հայկական կողմը պետք է կարողանա հերքել այդ ամենը մատչելի կերպով: