Թուրքիայում երբեմնի հզոր զինվորականության խավը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ

6 րոպեի ընթերցում

Թուրքական սահմանադրությամբ աշխարհիկ համարվող Թուրքիայի Հանրապետությունում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ունի ընդամենը 11 տարվա պատմություն: Թվում է, թե 11 տարին բավական կարճ ժամանակահատված է կուսակցության համար` կայանալու և երկրում իր հաստատուն խոսքն ունենալու համար, սակայն ԱԶԿ-ն ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը երկրում և իր խոսքը լսելի դարձրեց, այլև ընդամենը տասը տարի գտնվելով իշխանության ղեկին` աստիճանաբար սկսեց փոխել 70-ամյա պետության սկզբունքները:

Թուրքիայում մշտապես գերակա են եղել հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հռչակած սկզբունքները, որոնցից կարևորագույնը լայիցիզմի` աշխարհիկության սկզբունքն է: Երկրում այս սկզբունքի պահպանման երաշխավորը զինվորականությունն է, որն ամեն անգամ միջամտում է երկրի քաղաքական կյանքին և ռազմական հեղաշրջում է իրականացնում սկզբունքերից որևէ մեկի խախտման դեպքում: Քանի որ 2002 թ.-ին իշխանության եկած ԱԶԿ-ն իր բնույթով իսլամական էր, հետևաբար` երկրում պայքար սկսվեց իսլամիստների և աշխարհիկների` այսինքն զինվորականների միջև:

Չնայած ԱԶԿ տարբեր ներկայացուցիչներ իրենց ելույթներում մշտապես հայտարարում էին այն մասին, որ կուսակցությունն իսլամական չէ և նպատակ չունի երկրում ուժեղացնել իսլամի գործոնը, սակայն հենց նույն այդ գործիչները շատ հաճախ իրենց արարքներով ապացուցում էին հակառակը: 2007 թվականին երկրում ընդունվում է օրենք` համալսարաններում հիջաբ (իսլամական գլխաշոր) կրելու արգելքը վերացնելու մասին: Սա մեծ դժգոհություն է առաջացնում աշխարհիկների շրջանում և գործը հասնում է նրան, որ Թուրքիայի գլխավոր դատախազը հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան` կուսակցության գործունեությունն արգելելու պահանջով: Թեպետ կուսակցությանը հաջողվում է տուգանք վճարելով ազատվել պատժից, սակայն սա ազդանշան է դառնում , որպեսզի կուսակցությունն ավելի ինտենսիվորեն վերսկսի պայքարը զինվորականության դեմ:

Երկրի մայր օրենքում մի շարք դրույթների փոփոխության արդյունքում ԱԶԿ-ն կարողացավ ապահովագրել իրեն Թուրքիայում մեծ դեր ու նշանակություն ունեցող Ազգային անվտանգության խորհրդից(ԱԱԽ), և եթե նախկինում այստեղ մեծ թիվ էին կազմում զինվորականները, ապա այժմ ԱԱԽ-ում գերակշիռ մեծամասնություն սկսեցին կազմել իսլամիստները:

Հաջորդ հարվածը աշխարհիկներին տեղի ունեցավ նախագահական նստավայրում` Չանքայա պալատում, որտեղ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ ավանդական ճաշ էր տրվելու: Եթե նախկինում ճաշը տրվում էր երկու անգամ` նախ զինվորականների, ապա մնացած հյուրերի համար, ապա այս անգամ ավանդական ընդունելությունը տրվեց միայն մեկ անգամ` բոլորի համար: Ընդ որում գտնվեցին հյուրեր, որոնք ներկայացան գլխաշոր կրող իրենց կանանց հետ: Զինվորականությունը, այս ամենը համարելով Քեմալի հռչակած սկզբունքերի ոտնահարում, հրաժարվեց մասնակցել ընդունելությանը: Այս և նմանատիպ այլ քայլերին հետևելով` կարող ենք ասել, որ ԱԶԿ-ն երկրում իր իշխանությունն էլ ավելի ամրապնդելուն զուգահեռ սկսեց մի գործընթաց, որը Թուրքիայի քաղաքական համակարգում արմատական փոփոխությունների պատճառ հանդիսացավ:

Ավելի ուշ թուրքական իշխանությունները սկսեցին տարբեր դատական գործեր հարուցել` ձերբակալելով թուրք գեներալների և այլ բարձրաստիճան զինվորականների: Այսինքն, հերթական անգամ արդարադատության անվան տակ Էրդողանը և նրա կուսակիցները սկսեցին չեզոքացնել իրենց համար անցանկալի անձանց` տվյալ դեպքում զինվորականներին, որոնք երկրում միակ լուրջ վտանգն էին կուսակցության համարի:

Թուրքական քաղաքական իրականությունում տեղի ունեցող գործընթացները խոսում են այն մասին, որ ԱԶԿ-ականների և զինվորականության միջև սկսված պայքարը շարունակվում է` հօգուտ իսլամիստների: Երբ 2002 թվականին ԱԶԿ-ն եկավ իշխանության, ոչ ոք թերևս չէր հավատում, որ այն կկարողանա ոչ միայն պայքար սկսել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր քեմալանների դեմ, այլև այդ պայքարում հաղթանակի նժարը կթեքի իր կողմը: Թուրքական քաղաքական իրականությունում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ Զինված ուժեր-ԱԶԿ հակամարտությունում, որը շարունակվում է արդեն տասը տարի, կուսակցությունը ոչ միայն առաջատարի դիրքերում է գտնվում, այլև պարզապես ոչնչացնում է իր հակառակորդին: Իրերի նման զարգացման պայմաններում հավանական է դառնում արդեն ոչ հեռու ապագայում թուրքական իրականությունում մի ժամանակ հզոր ուժ հանդիսացող զինվորականության խավի լիկվիդացումը: Նման քաղաքականության պայմաններում իրատեսական է դառնում նաև Ազգային անվտանգության խորհրդի նման հզոր կառույցի գործունեության դադարեցումը:

Թուրք պրոֆեսոր Օզդագը, իր «Միակուսակցական համակարգի երկրորդ շրջանը» գրքում, խոսելով ներկայիս քաղաքական վիճակի մասին, մի հետաքրքիեր եզրահանգում է արել` ասելով. «ԱԶԿ-ն կարծես ձևավորում է ոչ թե նոր կառավարություն, այլ հիմնովին նոր պետություն»: Թուրք պրոֆեսորի այս եզրահանգումն ամփոփում է ԱԶԿ-ի 10-ամյա իշխանությունն ու գրանցում դրա հիմնական և կարևորագույն արդյունքը. Թուրքիան թևակոխում է մի նոր ժամանակաշրջան, որտեղ ի տարբերություն քեմալականների Թուրքիայի` կարևոր և առաջնահերթ են դառնում կրոնական գաղափարները և արժեքները: 1923 թ.-ին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունը, ըստ էության, հիմնադրվում է երկրորդ անգամ 2002 թ.-ին` «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով: Ի տարբերություն քեմալականների` Թուրքիայի ԱԶԿ-ականների Թուրքիան որդեգրում է նոր քաղաքականություն, նոր սկզբունքներ և աշխարհին ներկայանում է նոր դեմքով:

Արաքս Կասյան

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres