Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ում վավերագրական ֆիլմերի քանակն անհամեմատ աճել է

3 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ում վավերագրական ֆիլմերի քանակն անհամեմատ աճել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագիրը նախորդ տարիների համեմատությամբ կտարբերվի ֆիլմերի մեծ քանակությամբ եւ բազմազանությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը: Նրա խոսքով` փառատոնի միայն այս անվանակարգում մասնակցության համար ստացել են շուրջ 600 հայտ, որոնց շարքում կան ինչպես շատ հայտնի, արդեն մի շարք մրցանակ ստացած, այնպես էլ` համեմատաբար «անհայտ» ֆիլմեր:

Այս անվանակարգում լավագույնի տիտղոսին արժանանալու համար կմրցեն 12 ֆիլմեր` Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի «Հինգ ջարդված տեսախցիկ» (Պաղեստին, Իսրայել, Ֆրանսիա, 2011թ.),Պետր Լոմ «Հետ` դեպի հրապարակ» (Նորվեգիա, Կանադա, 2011 թ.),Սալոմե Յաշի «Բախմարո» (Գերմանիա, Վրաստան, 2011 թ.),Մարկ Վեյմուլլեր «Հեռավոր կյանք» (Ֆրանսիա, 2011թ.),Տոմմազո Կոտրոնեի «Տղամարդկանց դպրոց» (Իտալիա, 2011թ.),Սըն-Յուն Յիի «Խխունջի մոլորակ» (Կորեա, Ֆինլանդիա, Ճապոնիա, 2011թ.),Ֆերնան Մելգարի «Հատուկ չվերթ» (Շվեյցարիա, 2011թ.),Իսակի Լակուեստայի «Կավե օրագրեր» (Իսպանիա, Շվեյցարիա 2011թ.),Ալեքսեյ Վախրուշեւ «Տունդրայի գիրքը» (Ռուսաստան, 2011թ.), Գորան Ռադովանովիչ «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» (Սերբիա, 2011թ.),Էնիս Ռիզա «Վերամշակելով կյանքը` Դոստոեւսկուն գտա աղբի մեջ» (Էնիս Ռիզա, 2011),Արման Երիցյան «Donkeymentory» (Հայաստան, 2012թ.):

Արա Խանջյանը նշեց, որ բավականին հետաքրքիր ընտրություն է կատարվել, եւ դիտողներն ուղղակի հաճույք կստանան: Մասնավորապես նա խորհուրդ տվեց այդ ֆիլմերը դիտել երիտասարդ ռեժիսորներին: Նա դժվարացավ իր նախընտրած ֆիլմը նշել, քանի որ իր կարծիքը գրեթե չի համընկել ժյուրիի անդամների կարծիքի հետ:

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը կգլխավորի ռուս անվանի վավերագրող Մարինա Ռազբեշկինան: Ժյուրիի անդամները կլինեն իսպանացի պրոդյուսեր, ռեժիսոր Անտոնիո Դելգադոն, վրացի սցենարիստ, ռեժիսոր Նանա Ջանելիձեն, Ցվետանա Պասկալեւան, հյ ռեժիսոր եւ պրոդյեւսեր Նունե Սարգսյանը;

«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում