Պասկալեւան խոստովանում է` ղարաբաղյան պատերազմը փոխել է իր կյանքը
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը պետք է ներկայացվի ամբողջ աշխարհին: Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց լրագրող, ռեժիսոր ֆիլմաշարի հեղինակ Ցվետանա Պասկալեւան` հավելելով, որ ի սկզբանե չգիտեր` արդյոք, կբավարարի ուժերն այդ ողբերգությունը վերապրելու համար: Ֆիլմը վավերագրություն է, որը պետք է ներկայացվի ամբողջ աշխարհին: Ֆիլմաշարը, որը թարգմանված է 6 լեզուներով, ներառում է Պասկալեւայի 1991-1995 թվականներին ստեղծած վեց եւ վերջին` 2001 թվականին նկարահանված Շուշիի ազատագրման մասին պատմող ֆիլմերը:
«Ինձ համար պատվի խնդիր էր պատշաճ ներկայացնել այդ հերոսական ուղին, որը կիսել եմ հայ ժողովդրի հետ: Ղարաբաղյան պատերազմը փոխեց իմ կյանքը՝ թողնելով խոր վերքեր: Որքան շատ էի լինում Ղարաբաղում, այնքան ավելի շատ էի հասկանում, որ ցանկանում եմ տեսնել այս ժողովրդի խնդրի խաղաղ լուծումը: Չեմ ափսոսում, որ հրաժարվել եմ ասպիրանտուրայից: Յուրաքանչյուր ոք պետք է ժամանակին լինի այնտեղ, որտեղ ճակատագիրն է նրան կանխատեսել: Ես պետք է այդ տարիներին լինեի այնտեղ՝ Ղարաբաղում, այդ քաջ ժողովրդի կողքին»,- նշեց ֆիլմի հեղինակը:
Խոսելով ղարաբաղյան պատերազմի մասին՝ Պասկալեւան նշեց, որ այդ ժամանակ ամենակարեւոր պատմական հաղթանակը Շուշիի ազատագրում էր, որը ժողովրդին հոգեւոր թեւ տվեց եւ սեփական ուժին ապավինելու հույս:
«Ես ինձ երդում եմ տվել, որ կպատմեմ աշխարհին Ղարաբաղի ճշմարտության մասին: Արցախցին ունի պատմական եւ իրավական բոլոր հիմքերն իր ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու: Սա ձեր ազգային նպատակն է»,- ասաց Պասկալեւան` ընդգծելով, որ ֆիլմաշարի ստեղծման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ Նախագահը: Ֆիլմն արդեն մեծ հաջողություն է գրանցել Բուլղարիայում: Այն հայտնվել է երկրի հեղինակավոր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ֆիլմաշարը ներկայացվել է նաեւ Հունաստանում եւ Լիբանանում: «Քանի որ աշխարհի շատ երկրներում նոր ղեկավարներ, քաղաքական գործիչների նոր սերունդ է եկել, պետք է նորից խոսել ղարաբաղյան հարցի մասին, ամբողջ աշխարհին ներկայացնել ճշմարտությունը»,- ասաց Պասկալեւան: