Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, Նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը և Բելգիան չափերով համադրելի երկրներ են, և Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։
ՀՀ նախագահը և Բելգիայի Սենատի նախագահը կարևորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն ու հետևողական երկխոսությունը:
Զրուցակիցներն ընդգծել են 2000թ-ի սկզբից երկու խորհրդարաններում ձևավորված հայ-բելգիական բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաև եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին և հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ ևս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպում կունենա նաև Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: