Հարցազրույց

Սեքսոպաթոլոգը կարծում է` շատ ուսանողներ իրենց համարում են սեռական կյանքի հմուտ գիտակներ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեռական կրթության մասին հասարակության գիտելիքները դեռեւս գտնվում են նվազագույն մակարդակի վրա: Թեեւ քայլեր ձեռնարկվում են, համապատասխան քննարկումներ անցկացվում, այնուամենայնիվ, առաջընթացը դեռ շատ մեծ չէ: Այս ամենի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

-Շատերը հստակ չեն պատկերացնում կամ նույնիսկ չգիտեն, թե ի՞նչ է ուսումնասիրում Ձեր մասնագիտությունը իրականում եւ որո՞նք են նրա խնդիրները:

Սեքսոլոգիան (լատ. sex – սեռ, հուն. logos – գիտություն) բազմաբովանդակ եւ ինտեգրալային գիտություն է: Այն բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է մարդու սեռական առողջությունը թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական, եւ թե՛ սոցիալական տեսանկյուններով: Ժամանակակից սեքսոլագիայի կազմի մեջ մտնում են` նորմալ սեքսոլոգիան, որն ուսումնասիրում է մարդու սեքսուալ առողջությունը, սեքսուալության հիմնական դրսևորումները, կլինիկական սեքսոլոգիան (սեքսոպաթոլոգիան), որն ուսումնասիրում է սեռական խանգարումները եւ պերվերզիաները` մշակելով դրանց ախտորոշման, բուժման եւ կանխարգելման մեթոդները, դատական (կրիմինալային) սեքսոլոգիան, որն ուսումնասիրում է սեռական վարքի այն անոմալիաները, որոնք հանգեցնում են սեռական բնույթի հանցագործությունները:

-Դուք մեկնեցիք Ուկրաինա` կլինիկական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման նպատակով: Ինչու՞ հենց Ուկրաինա, այլ ոչ ուրիշ երկիր:

Ամբողջ աշխարհում սեքսոլոգիական լուրջ վերապատրաստման եզակի կենտրոններ կան, որոնցից մեկը Խարկովի բժշկական ակադեմիայի սեքսոլոգիայի ամբիոնն է: Այն բացվել է 1987 թվականին` հիմնադիր, պրոֆեսոր Կրիշտալի մեծագույն ջանքերով, երբ «սեքս» բառը նույնիսկ արգելվում էր բարձրաձայն արտաբերել: Առ այսօր աշխարհի տարբեր ծագերից բժիշկները գնում են այնտեղ վերապատրաստվելու: Այդ ամբիոնում ժամանակին վերապատրաստվել են նախկին խորհրդային երկրների հանրահայտ սեքսոպաթոլոգները, այդ թվում` Հայաստանի:

-Ի՞նչ տվեց Ձեզ այդ վերապատրաստումը:

Անգնահատելի գանձեր` մասնագիտական գիտելիքների եւ կլինիկական հմտությունների տեսքով: Ես այն երջանիկներից եմ, ում բախտ վիճակվեց լինել հայրենական սեքսոլոգայի հիմնադիրներից եւ կորիֆեյներից մեկի` պրոֆ. Կրիշտալի վերջին սանը: Ճակատագրի դառը հեգնանքով իմ վերադառնալուց ընդամենը մի քանի օր անց նա մահացավ: Դա ծանր հարված էր ինձ համար եւ մեծ կորուստ` մեր մասնագիտության:

Գրեթե ամեն օր` առավոտից երեկո, մենք միասին ընդունում էինք այցելուների, քննարկում բուժման տակտիկան, նշանակումները եւ այլն: Դա մի ուրույն դպրոց էր, ուր սովորել եմ ոչ միայն բուժել, այլև լսել, զգալ եւ հասկանալ հաճախորդներին:

-Վերջերս Դուք մեկնել էիք Մոսկվա՝ մասնակցելու «Սեքսուալ առողջություն» միջազգային կոնֆերանսին: Ո՞րն էր վերջինիս կարեւորությունը եւ ի՞նչ տվեց այն Ձեզ:

Արդեն 10 տարի Մոսկվայում ամեն տարի կազմակերպվում է «Սեքսուալ առողջություն» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ԱՊՀ եւ արտերկրի առաջատար մասնագետները: Դա լայն հնարավորություն է ընձեռում բոլոր բժիշկներին նոր ծանոթություններ հաստատել, լսել հետաքրքիր մասնագիտական զեկույցներ, տեղեկանալ գիտական սեքսոլոգիայի վերջին նորություններին: Իմ աշխատանքը կոչվում էր «Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունը՝ կախված սեռական կոնստիտուցիայի տիպից»: Պարզ ասած՝ սեռական խառնվածքի եւ սեռական խանգարումների փոխկապակցվածությունը: Հանրահայտ սեքսոպաթոլոգների կողմից աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի, իսկ մատուցման եղանակը՝ դրվատանքի խոսքերի: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում:

Կոնֆերանսին ներկայացված էին հետաքրքիր եւ գիտական նորույթ պարունակող շատ զեկույցներ՝ նվիրված սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին, տղամարդու անպտղության հրատապ հարցերին եւ այլն:

Իր ամփոփիչ խոսքում Ռուսաստանի գլխավոր սեքսոպաթոլոգ, պրոֆ. Ագարկովն ընդգծեց Հայաստանի մասնակցությունը կոնֆերանսին՝ նշելով, որ փաստը կամրապնդի եւ կզարգացնի հայ-ռուսական սեքսոլոգիական բժշկության հիմքերը:

-Բժշկական համալսարանի ուսանողները միշտ նշում են, որ յուրահատուկ հաճույքով են մասնակցում Ձեր դասախոսություններին: Ո՞րն է պատճառը:

Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ կարճատև 5-օրյա ցիկլի ընթացքում ուսանողը ստանում է այն նվազագույն, բայց անհրաժեշտ գիտելիքները, որոնք իրեն պետք են գալու գրեթե ամեն քայլափոխին: Այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է, որին պետք է հնարավորության սահմաններում ծանոթացնել մարդու սեռական կյանքի հիմունքներին: Շատ ուսանողներ, իրենց համարելով սեռական կյանքի հմուտ գիտակներ, ցիկլի առաջին օրն արդեն համոզվում են նրանում, որ այն, ինչ իրենք գիտեին, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, մենք մանրակրկիտ քննարկում ենք սեքսուալ նորման, հաճախ հանդիպող արական եւ իգական սեքսուալ խանգարումները, ընտանեկան-սեռական աններդաշնակությունները եւ այլ հետաքրքիր ու կարեւոր թեմաներ: Սակայն, այդ ամենը, ցավոք, հասու է միայն ընդհանուր եւ ռազմական բժշկության ֆակուլտետների ուսանողներին: Իմ կարծիքով` բժշկական համալսարանի ցանկացած շրջանավարտ, անկախ մասնագիտական պրոֆիլից, պետք է իմանա սեքսուալ առողջության այբուբենը: Ապագա բժիշկը, ըստ իս, պարտավոր է ունենալ սեռական առողջության պահպանման վերաբերյալ գոնե նվազագույն գիտելիքներ:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն

Արաղչին հայտնել է, որ ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ

Սլովենիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ չի ուշանա

Գյումրիի նոր քաղաքապետը կադրային փոփոխություններ կիրականացնի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հատուկ խորհրդականի հետ

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել իր զորքերի թիվը Սիրիայում. Reuters

Սլովենիայի ԱԳ նախարարը մեծապես գնահատում է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հավակնությունները

ԵԱՏՄ-ն քննարկում է Պակիստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը. Օվերչուկ

ԵԱ-ի եզրափակչում կրած պարտությունը կարևոր փորձառություն է ըմբիշ Կարեն Ասլանյանի համար

Գազայի հատվածում շուրջ 20 մարդ է զոհվել իսրայելական հարձակումներից