Հարցազրույց

Սեքսոպաթոլոգը կարծում է` շատ ուսանողներ իրենց համարում են սեռական կյանքի հմուտ գիտակներ

6 րոպեի ընթերցում

Սեքսոպաթոլոգը կարծում է` շատ ուսանողներ իրենց համարում են սեռական կյանքի հմուտ գիտակներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեռական կրթության մասին հասարակության գիտելիքները դեռեւս գտնվում են նվազագույն մակարդակի վրա: Թեեւ քայլեր ձեռնարկվում են, համապատասխան քննարկումներ անցկացվում, այնուամենայնիվ, առաջընթացը դեռ շատ մեծ չէ: Այս ամենի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

-Շատերը հստակ չեն պատկերացնում կամ նույնիսկ չգիտեն, թե ի՞նչ է ուսումնասիրում Ձեր մասնագիտությունը իրականում եւ որո՞նք են նրա խնդիրները:

Սեքսոլոգիան (լատ. sex – սեռ, հուն. logos – գիտություն) բազմաբովանդակ եւ ինտեգրալային գիտություն է: Այն բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է մարդու սեռական առողջությունը թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական, եւ թե՛ սոցիալական տեսանկյուններով: Ժամանակակից սեքսոլագիայի կազմի մեջ մտնում են` նորմալ սեքսոլոգիան, որն ուսումնասիրում է մարդու սեքսուալ առողջությունը, սեքսուալության հիմնական դրսևորումները, կլինիկական սեքսոլոգիան (սեքսոպաթոլոգիան), որն ուսումնասիրում է սեռական խանգարումները եւ պերվերզիաները` մշակելով դրանց ախտորոշման, բուժման եւ կանխարգելման մեթոդները, դատական (կրիմինալային) սեքսոլոգիան, որն ուսումնասիրում է սեռական վարքի այն անոմալիաները, որոնք հանգեցնում են սեռական բնույթի հանցագործությունները:

-Դուք մեկնեցիք Ուկրաինա` կլինիկական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման նպատակով: Ինչու՞ հենց Ուկրաինա, այլ ոչ ուրիշ երկիր:

Ամբողջ աշխարհում սեքսոլոգիական լուրջ վերապատրաստման եզակի կենտրոններ կան, որոնցից մեկը Խարկովի բժշկական ակադեմիայի սեքսոլոգիայի ամբիոնն է: Այն բացվել է 1987 թվականին` հիմնադիր, պրոֆեսոր Կրիշտալի մեծագույն ջանքերով, երբ «սեքս» բառը նույնիսկ արգելվում էր բարձրաձայն արտաբերել: Առ այսօր աշխարհի տարբեր ծագերից բժիշկները գնում են այնտեղ վերապատրաստվելու: Այդ ամբիոնում ժամանակին վերապատրաստվել են նախկին խորհրդային երկրների հանրահայտ սեքսոպաթոլոգները, այդ թվում` Հայաստանի:

-Ի՞նչ տվեց Ձեզ այդ վերապատրաստումը:

Անգնահատելի գանձեր` մասնագիտական գիտելիքների եւ կլինիկական հմտությունների տեսքով: Ես այն երջանիկներից եմ, ում բախտ վիճակվեց լինել հայրենական սեքսոլոգայի հիմնադիրներից եւ կորիֆեյներից մեկի` պրոֆ. Կրիշտալի վերջին սանը: Ճակատագրի դառը հեգնանքով իմ վերադառնալուց ընդամենը մի քանի օր անց նա մահացավ: Դա ծանր հարված էր ինձ համար եւ մեծ կորուստ` մեր մասնագիտության:

Գրեթե ամեն օր` առավոտից երեկո, մենք միասին ընդունում էինք այցելուների, քննարկում բուժման տակտիկան, նշանակումները եւ այլն: Դա մի ուրույն դպրոց էր, ուր սովորել եմ ոչ միայն բուժել, այլև լսել, զգալ եւ հասկանալ հաճախորդներին:

-Վերջերս Դուք մեկնել էիք Մոսկվա՝ մասնակցելու «Սեքսուալ առողջություն» միջազգային կոնֆերանսին: Ո՞րն էր վերջինիս կարեւորությունը եւ ի՞նչ տվեց այն Ձեզ:

Արդեն 10 տարի Մոսկվայում ամեն տարի կազմակերպվում է «Սեքսուալ առողջություն» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ԱՊՀ եւ արտերկրի առաջատար մասնագետները: Դա լայն հնարավորություն է ընձեռում բոլոր բժիշկներին նոր ծանոթություններ հաստատել, լսել հետաքրքիր մասնագիտական զեկույցներ, տեղեկանալ գիտական սեքսոլոգիայի վերջին նորություններին: Իմ աշխատանքը կոչվում էր «Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունը՝ կախված սեռական կոնստիտուցիայի տիպից»: Պարզ ասած՝ սեռական խառնվածքի եւ սեռական խանգարումների փոխկապակցվածությունը: Հանրահայտ սեքսոպաթոլոգների կողմից աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի, իսկ մատուցման եղանակը՝ դրվատանքի խոսքերի: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում:

Կոնֆերանսին ներկայացված էին հետաքրքիր եւ գիտական նորույթ պարունակող շատ զեկույցներ՝ նվիրված սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին, տղամարդու անպտղության հրատապ հարցերին եւ այլն:

Իր ամփոփիչ խոսքում Ռուսաստանի գլխավոր սեքսոպաթոլոգ, պրոֆ. Ագարկովն ընդգծեց Հայաստանի մասնակցությունը կոնֆերանսին՝ նշելով, որ փաստը կամրապնդի եւ կզարգացնի հայ-ռուսական սեքսոլոգիական բժշկության հիմքերը:

-Բժշկական համալսարանի ուսանողները միշտ նշում են, որ յուրահատուկ հաճույքով են մասնակցում Ձեր դասախոսություններին: Ո՞րն է պատճառը:

Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ կարճատև 5-օրյա ցիկլի ընթացքում ուսանողը ստանում է այն նվազագույն, բայց անհրաժեշտ գիտելիքները, որոնք իրեն պետք են գալու գրեթե ամեն քայլափոխին: Այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է, որին պետք է հնարավորության սահմաններում ծանոթացնել մարդու սեռական կյանքի հիմունքներին: Շատ ուսանողներ, իրենց համարելով սեռական կյանքի հմուտ գիտակներ, ցիկլի առաջին օրն արդեն համոզվում են նրանում, որ այն, ինչ իրենք գիտեին, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, մենք մանրակրկիտ քննարկում ենք սեքսուալ նորման, հաճախ հանդիպող արական եւ իգական սեքսուալ խանգարումները, ընտանեկան-սեռական աններդաշնակությունները եւ այլ հետաքրքիր ու կարեւոր թեմաներ: Սակայն, այդ ամենը, ցավոք, հասու է միայն ընդհանուր եւ ռազմական բժշկության ֆակուլտետների ուսանողներին: Իմ կարծիքով` բժշկական համալսարանի ցանկացած շրջանավարտ, անկախ մասնագիտական պրոֆիլից, պետք է իմանա սեքսուալ առողջության այբուբենը: Ապագա բժիշկը, ըստ իս, պարտավոր է ունենալ սեռական առողջության պահպանման վերաբերյալ գոնե նվազագույն գիտելիքներ:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում