Մշակույթ

Օպերան՝ հոգու ալեկոծություններն արտահայտելու հնարավորություն. ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը՝ անցած ճանապարհի, անելիքների մասին

18 րոպեի ընթերցում

Օպերան՝ հոգու ալեկոծություններն արտահայտելու հնարավորություն. ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը՝ անցած ճանապարհի, անելիքների մասին

Օպերային երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը կյանքի վառ գույները փնտրել ու գտել է երաժշտության մեջ՝ ինքն իրեն հնարավորություն տալով փայլել թե՛ Հայաստանում, թե՛ համաշխարհային բեմերում։ Արտիստը խոստովանում է՝ հեշտությամբ չի հասել բարձունքների, ստիպված է եղել ամիսներով հեռու լինել ընտանիքից, հայրենիքից, սակայն առանց օպերային արվեստի կյանքը չէր լինի այնքան գեղեցիկ, որքան որ է։ 

«Արմենպրես»-ի թղթակիցը հյուրընկալվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Հակոբյանի հետ զրուցել նրա անցած ճանապարհի, ձեռքբերումների, մասնագիտական կյանքում մեծ դերակատարություն ունեցած մարդկանց հետ հանդիպումների և ծրագրերի մասին։

-Շատ դպրոցականներ, հատկապես այսօր, հստակ գիտեն, թե ինչ մասնագիտություն են ցանկանում ձեռք բերել, ինչ ոլորտում են ուզում աշխատել։ Դուք, կարծես թե, ուշ եք կողմնորոշվել։ Ինչպե՞ս եկաք դեպի օպերային արվեստ։

-Որոշել էի ընդունվել Երևանի պետական համալսարան և իրավաբան դառնալ, բայց մտափոխվեցի, որովհետև վստահ էի՝ կյանքում ոչ ոքի վատ բան չեմ անի։ Կարծում էի, որ իրավաբանը պետք է վատ բան անի, քանի որ սխալվելու հավանականությունը մեծ է։ Այդ մտորումներից հետո հստակ էր՝ իրավաբան չեմ դառնա։ Այդ ժամանակ տատիկս հարցրեց. «Երաժիշտ կդառնա՞ս»։ Վստահեցրի, որ կսովորեմ նոտաները։ Ծնունդով Մեծամոր քաղաքից եմ։ Տատիկս ինձ բերեց Երևան, և ես պրոֆեսոր Վարդուհի Շահնազարյանի մոտ սկսեցի նոտաները սովորել, դաշնամուր նվագել։ 15 կամ 16 տարեկանում եմ ծանոթացել նոտաներին, երաժշտությանը, իսկ 17 տարեկանում ընդունվել եմ կոնսերվատորիայի վոկալ բաժին։ Իրականում շատ ուշ եմ սկսել, ինչի պատճառով ստիպված էի օրական  12-ից 16  ժամ աշխատել։

Գերագույն սիրով էի դա անում։ Զգում էի՝ մի ճանապարհի վրա եմ, որը պետք է ինձ տանի, հասցնի երազանքներիս իրականացմանն ու ինձ հնարավորություն տա արտահայտել ներսիս ալեկոծությունները։ Ինձ միշտ թվում էր՝ կյանքում գույներն ավելի շատ եմ տեսնում, քան իմ ընկերները։ Ուրախ էի, որ երաժշտությամբ էի զբաղվում, որովհետև երաժշտության մեջ այդ բոլոր գույները կային։ 

-Ինչո՞ւ տատիկի մոտ նման գաղափար առաջացավ։ Փոքր տարիքում երգո՞ւմ էիք։

- Երգել եմ երեք տարեկանից։ Ինչ ինձ հիշում եմ, երգել եմ, կամ ինչ-որ գործիք եմ նվագել։ Լսողություն ունեի, նույնիսկ մանկապարտեզում հանդեսների ժամանակ երգում էի։ Առաջին հանդեսիս քսիլոֆոն եմ նվագել։ Քույրս սովորում էր երաժշտական դպրոցում, ուստի տանը դաշնամուր ունեինք, բայց նա այդ դաշնամուրը չէր բացում, փոխարենը ես էի դա անում ու սիրում էի երաժշտություն։ Հենց այդ պահին, երբ տանը քննարկում էին, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ, սկսեցի դաշնամուր նվագել, որպեսզի չլսեմ, թե ինչ են խոսում։ Այդ ժամանակ տատիկս նման հարց տվեց։ 

-Խորաթափանց է եղել տատիկը։  Ձեր առաջին հանդիպումն օպերային արվեստի հետ հիշո՞ւմ եք։

-Սկզբում կոնսերվատորիա դիմել եմ ժողովրդական երգի բաժին ընդունվելու համար։ Մի բալով մրցույթից դուրս էի մնացել։ Իմ ընկեր Արտակ Սողոմոնյանը, որը նույնպես Մեծամորից է և սովորում էր դասական երգեցողություն բաժնում, ինձ առաջարկեց իր հետ գնալ իր դասախոսի մոտ ու լսել դասը։ Այդտեղ առաջին անգամ օպերային երգեցողություն լսեցի. ապշած էի։ Մտածում էի՝ մարդն ինչպե՞ս կարող է նման ձայնով երգել։ Նրան խնդրեցի, որ դասախոսին հարցնի արդյոք կարո՞ղ է ինձ լսել։ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանն ինձ լսեց ու ասաց՝ վաղը հորս հետ գնամ իր մոտ։ Որոշեցինք, որ կպարապեմ ու դասական երգեցողության բաժին կընդունվեմ, քանի որ դասախոսը վստահ էր՝ կարող եմ լավ օպերային երգիչ դառնալ։ Դանիելյանը հորս ասաց. «Եթե Ձեր որդին չդառնա համաշխարհային օպերային երգիչ, ինչ ունեմ, կտամ Ձեզ»։ Սերգեյ Դանիելյանն իմ մեջ սերմանեց մեծ հավատ, վստահություն և ամենակարևորը՝ սեր դեպի այդ արվեստը։ Նա ինձ օգնեց, ուժ տվեց և հավատ դեպի ինքս ինձ, որ կարողանամ աշխատել և համոզված լինել, որ կարող եմ հաջողել։ Տպավորություն էր, թե բոլոր երազանքներս կատարվել են։

Թե հետո ինչ դժվար ճանապարհ անցա... Մինչ ընդունվելը ինը ամիս պարապել եմ Սերգեյ Դանիելյանի մոտ, հինգ տարի էլ սովորել եմ։ Վեց տարի արթնանում էի առավոտյան 6։30-ին։ Ինձ ոչինչ չէր հետաքրքրում այդ տարիներին։ Ընկերներս ռեստորան էին գնում, այլ վայրեր, իսկ ես ասում էի՝ մասնագիտական առարկաս ավարտեմ, նոր կգնանք ուր ցանկանում են։ Ինձ համար ամենամեծ հաճույքը, վայելքը երգելն էր։ Երբ երրորդ կուրսն էի ավարտում, Գեղամ Գրիգորյանը կոնսերվատորիայի ընդունելության քննության հանձնաժողովի նախագահն էր։ Գեղամ Գրիգորյանը ևս սովորել է  Սերգեյ Դանիելյանի  դասարանում, ուստի մի փոքր շուտ էր եկել, որպեսզի տեսնի իր դասախոսին։ Դանիելյանն ինձ առաջարկեց երգել, որ Գրիգորյանն ինձ լսի։  Գեղամ Գրիգորյանն այդ ժամանակ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Ես երգեցի, և նա ինձ առաջարկեց հաջորդ օրը գնալ թատրոն և մի արիա կատարել։ Գրիգորյանը կանչել էր թատրոնի բալետային խմբի, նվագախմբի այլ խմբերի ղեկավարներին։ Գլխավոր դիրիժորը Կարեն Դուրգարյանն էր։ Երբ ինձ լսեցին,  նա հայտարարեց, որ այդ օրվանից թատրոնի մենակատար եմ, ուստի պետք է Մոսիի, Դավիթ Բեկի արիաները սովորեմ։ Օպերային թատրոնում եղավ «Անուշ»-ի առաջնախաղը, և ես՝ դեռ կոնսերվատորիան չավարտած ուսանողս, հանդես եկա Մոսիի դերերգով։ Դա իմ առաջին դերն էր։

-Եվ, եթե չեմ սխալվում, Դուք Մոսիի ամենաերիտասարդ կատարողն եք եղել։

-Այո, այդպես է։ Հետո երգեցի Արշակ Երկրորդ օպերայում,  Արշակ Երկրորդի ամենաերիտասարդ կատարողը ևս ես էի։ Հետո երգեցի Դավիթ Բեկ։

-Վախի զգացողություն չկա՞ր։ 

-Վախի զգացողություն մինչև հիմա կա։ Վախ կար հատկապես այն ժամանակ, երբ ինձ անդրադառնում էին թերթերը։ Սկսնակ երգիչ էի ու չգիտեի, որ թերթերն ամեն ինչ կարող են գրել։ Գրում էին, որ Գեղամ Գրիգորյանը երիտասարդ տղայի, որը դեռ կոնսերվատորիան չի ավարտել, վստահել է մի դեր, որը երգել են հայ օպերային արվեստի ամենամեծ երգիչները։ Այդ բոլոր թերթերն ունեմ։ Հետո այդ թերթերը գրեցին, որ ներկայացման ամենալուսավոր կետն եմ եղել։ Երկու օր անընդմեջ երգեցի «Անուշ»-ի առաջնախաղին, և երրորդ օրն ինձ տարան բանակ։ Նման վերնագրով հոդված էլ կար. «Մոսիին տանում են բանակ»։ Ծառայել եմ Երևանում՝ սպայի տան կայազորում, ունեի թույլտվություն նախարարից, որ կարող եմ ամեն օր լինել օպերային թատրոնում, մասնակցել փորձերին ու ներկայացումներին, ինչը շատ մեծ առավելություն էր երիտասարդ, սկսնակ երգչի համար, որը նոր էր ընդունվել օպերային թատրոն։ Դա ինձ հնարավորություն տվեց պահպանել մասնագիտական որակները։ Մեր զորամասում  կային նաև բալետի արտիստներ, որոնք ևս փորձերին ու ներկայացումներին մասնակցելու իրավունք ունեին։

-Իսկ ո՞ր դերերգը Ձեզ համար բեկումնային դարձավ մեր թատրոնում։

-Մոսին, որն առաջինն էր։ Շատ լավ ստացվեց, որովհետև մի քիչ նման էի Մոսիին, հոգու խորքում էլ համամիտ էի նրա հետ։ Երբ քեզ ինչ-որ բան են վստահում, և դու արդարացնում ես հույսերը, դա կարող է բեկումնային լինել։ Սպորտսմեն ընկերներ ունեմ, որոնց հետ զրուցելիս ասում  եմ՝ երանելի է նրանց գործը, քանի որ տարիներով պարապում են, կյանքը նվիրում են սպորտին և հնարավորություն են ունենում տարին մեկ կամ մի քանի անգամ իրենց հմտությունները դրսևորել՝ մասնակցելով Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնությանը, իսկ վաստակած կոչումները հավերժ նրանցն են։ Մեր պարագայում այլ է. ամեն անգամ բեմ բարձրանալիս պետք է ապացուցենք, որ արժանի ենք բեմի վրա կանգնել, արժանի ենք այդ դերը երգել և դեռ կարող ենք դա անել ու լավ անել, ինչի համար անհրաժեշտ է առողջ լինել և ուսանողի պես ամեն օր աշխատել մասնագիտական որակները չկորցնելու համար։ Սա շատ դժվար մասնագիտություն է, ինչն անսահման նվիրվածություն, սեր է պահանջում։

-Դա Ձեզ հաջողվում է։ 

-Ես դեռ փորձում եմ։

-Եթե ես չեմ սխալվում, օպերային արտիստները կարող են ժամանակի ընթացքում բարիտոնից տենոր դառնալ կամ հակառակը։ Դուք բարիտոն եք։ Երբևէ մտածե՞լ եք բաս կամ տենոր երգել։ 

-Երբ  սկսեցի պարապել, դասախոսս մտածում էր՝ բարիտո՞ն եմ, թե՞ բաս։ Շրջագայելով աշխարհի տարբեր երկրներում, երգելով տարբեր թատրոններում՝ հաճախ եմ հանդես գալիս բասերի հետ։ Եթե բաս լինեի, նրանցից մուգ կլինեի, բայց դասախոսս ասաց՝ եթե բարիտոն երգեմ, յուրահատուկ, հատընտիր բարիտոններից կլինեմ։ Երբ տարիքս առնեմ, կարող եմ բաս երգել։ Գուցե, հետագայում իսկապես բաս երգեմ։ Չգիտեմ, թե ինչպես կստացվի, բայց շատ է պատահում, որ երգիչները փոխում են իրենց ձայնի տեսակը։

-Երբ ուշադրություն ենք դարձնում օպերային ներկայացումներին, տեսնում ենք, որ գլխավոր դերակատարները տենորն ու սոպրանոն են, և կա երրորդ անձը, որը միշտ խանգարում է։ Այդ անձը բարիտոնն է։ Մոցարտն առաջին կոմպոզիտորն էր, որ որոշ օպերաներում բարիտոնին բերեց առաջին պլան։ Կուզեի՝ բարիտոն երևույթի  կարևորության մասին խոսեք, քանի որ առանց նրա օպերային ոչ մի պատմություն լիարժեք չի լինի։

-Ճիշտ եք։ Տենորն ու սոպրանոն սիրահար զույգերն են, եթե բարիտոնը նրանց չխանգարի, օպերան անհետաքրքիր կլինի։ Նման պարագայում նրանք կսիրեն միմյանց,  կամուսնանան և վերջ։ Օրինակ՝ «Օթելլո» օպերայում ի՞նչ է կատարվում։ Հրաշալի սիրահարներ են Օթելլոն ու Դեզդեմոնան, սակայն Յագոն ամեն բան փչացնում է իր չարությամբ։ Շատ օպերաներում է այդպես։ «Տոսկա»-ում նույնն է. Սկարպիան որոշում է, որ Տոսկան պետք է իրենը լինի, ասում է՝ չի կարող երգեր երգել, կիթառ նվագել, սեր խոստովանել, նախընտրում է ուժով ստանալ ամեն բան, ցանկանում է Աստծո ստեղծած բոլոր գինիները փորձել ու որոշում է, որ Տոսկան ևս իրենը պետք է լինի, ինչը դառնում է նրա վախճանի պատճառը։ Բարիտոնին իրականում բաժին են ընկած հոգեբանական բարդ կերպարներ։ Երբեմն ստիպված ես մեկ ֆրազ երգելիս շատ էլեգանտ լինել, շատ դաստիարակված, իսկ հաջորդ բառն արտահայտելիս՝ սատանայի պես, այսինքն՝ բոլոր գույները պետք է գտնել ու ներկայացնել։ Շատ հետաքրքիր է։

-Յուրաքանչյուր արտիստի կյանքում մեծ նշանակություն ունեն արտերկրում ելույթները, համագործակցությունն օտար արտիստների, տարբեր թատրոնների հետ։ Երգում եք ամենահեղինակավոր բեմերում, կատարում լավագույն դերերգերը։ Վերջերս Հռոմում եք ելույթ ունեցել և ձեռքբերումներով վերադարձել։ 

-Հռոմի օպերային թատրոնում անցյալ տարվա հոկտեմբերից մեկնարկեցին «Սիմոն Բոկանեգրա» օպերայի փորձերը։ Հրաշալի ներկայացում ստացվեց, որը Rai 5 հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակեց, ինչը մեծ ու դրական արձագանք բերեց և՛ թատրոնին, և՛ դերակատարներին։ Դերակատարների փայլուն ընտրություն էր արվել։ Ներկայացումը ղեկավարում էր Հռոմի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Միկելե Մարիոտին, որն աշխարհի լավագույն օպերային դիրիժորներից է։ Խաղացի նաև «Տոկսա» օպերայում։ «Տոսկա»-ի առաջին բեմադրությունը եղել է 1900 թվականի հունվարի 14-ին, այս տարի ներկայացման 125-ամյակն է։  Պատմությունը հռոմեական է, և 1900 թվականին որոշում են, որ առաջնախաղը պետք է տեղի ունենա Հռոմի օպերային թատրոնում, այն ժամանակ Հռոմի թագավորական օպերային թատրոն է կոչվել։ Պատիվ ունեցա «Տոսկա»-ում հանդես գալ Սկարպիայի դերերգով։ Այս ներկայացումը ևս ուղիղ հեռարձակվեց և՛ ռադիոյով, և՛ հեռուստատեսությամբ, նաև DVD է թողարկվելու։ Առաջնախաղին ներկա էր Իտալիայի նախագահը։ Երկրորդ գործողությունից հետո ասացին, որ նա ցանկանում է շնորհակալություն հայտնել մեզ։ Զրուցեցինք նրա հետ։ Իսկապես պատվաբեր էր  «Տոկսա»-ի 125-ամյակին հանդես գալ այն թատրոնում, որտեղ եղել է առաջնախաղը ու ներկայանալ նույն դեկորացիաներով, նույն կոստյումներով։ Ամեն բան պահպանել էին ու վերականգնել ներկայացումը։ Շուտով Ամստերդամի օպերային թատրոնում «Բորիս Գոդունով» օպերայում եմ երգելու, որը բեմադրելու է Չերնյակովը, նա աշխարհի մեծագույն ռեժիսորներից է։ Խաղալու եմ նաև «Տոկսա»-ում՝ Բերիկովսկիի բեմադրությամբ։ Նա ևս մեծագույն ու հանճարեղ ռեժիսորներից է և իմ շատ լավ ընկերն ու բարեկամը։ 

-Իսկ Երևանում զբաղվա՞ծ եք որևէ ներկայացման մեջ։ Տեղեկացված եմ, որ մեր թատրոնն էլ հետաքրքիր առաջնախաղերով է ներկայանալու։

-Արդեն  երկու ներկայացում երգել եմ, հետո կրկին «Օթելլո»-ում եմ հանդես գալու Յագոյի դերերգով, հետո՝ «Կարմեն»-ում, «Մադամ Բաթերֆլայ»-ում։ Երբ ինձ որևէ դեր են առաջարկում, չեմ հրաժարվում, որովհետև այս թատրոնն իմ տունն է, իմ հայրենիքինն է, այս թատրոնը շատ եմ սիրում, ցանկանում եմ ամեն հնարավորություն օգտագործել ու երգել  այս բեմում։

-Խոսեցիք հայրենիքի մասին. ուզում եմ մեջբերել Մարտիրոս Սարյանի խոսքերը. «Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը մարդու սրտի մեջ է։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում...»։

-Բոլոր դասական կոմպոզիտորների երաժշտության հիմքում իրենց ազգային երգն ու երաժշտությունն են։ Ամեն դասական բան ստեղծվել է ազգայինի հիման վրա։ Երբ արտերկրում հանդիպում եմ հայ ընկերներիս, հիշեցնում եմ, որ մարդն անպայման պետք է քայլի այն հողի վրա, որտեղից ծնունդով է։ Եթե այդպես չմտածեի, վաղուց հեռացած կլինեի Հայաստանից, այնինչ ապրում եմ իմ հայրենիքում։ Արտերկրում սիրով աշխատում եմ, ինչը ևս երջանկություն է, բայց այստեղ ապրում եմ։

-Այո, և ես Ձեզ հաճախ հանդիպում եմ Երևանի կենտրոնական փողոցներում զբոսնելիս։ Հիշեցիք Ձեր անցած ճանապարհը, բայց չանդրադարձաք խոչընդոտներին։ Երբ ուսումնասիրում ենք արտիստների կենսագրություններ, բացահայտում ենք, որ նրանք բարձունքների են հասել մասնագիտական ոլորտում, փոխարենը խնդիրների են բախվել անձնական կյանքում։ Ձեր պարագայում, կարծես թե, այդպես չէ։

-Շատ լավ է, որ այդպես է երևում։ Հաջողության համար մարդ ինչ-որ բան վճարում է։ Խոչընդոտները շատ են ու մեծ։ Որդիս արդեն տասը տարեկան է։ Որքան ժամանակ նրա կողքին չեմ եղել, որքան եմ շրջագայել։ Ամեն անգամ, երբ նրան տեսել եմ, փաստել եմ, որ մեծացել է, բարձրահասակ է դարձել։ Կարոտն անսահման է, շատ տանջում է ընտանիքից, հայրենիքից հեռու լինելը։ Երբեմն երազում տեսնում եմ, թե ինչպես եմ քայլում Երևանի փողոցներում։ Այո, ես շատ եմ քայլում։ Զոհողություն է հեռու գտնվել այն ամենից, ինչը սիրում ես։ Մյուս կողմից էլ զբաղվում ես քո սիրած աշխատանքով։ Հետո հասկանում ես, որ պետք է հաղթահարել, հանձնվելու տեղ չկա, ընկնելը ևս մեզ համար է։ Ընկնելիս չես մտածում՝ վերջ, մտածում ես, որ նորից պետք է կանգնես, մեջքդ ուղղես ու առաջ գնաս։ Կյանքում ոչ մի բան հեշտ չէ, իսկ մեր մասնագիտության պարագայում ավելի դժվար է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան կոնսերվատորիաներ կան Ռուսաստանում, Իտալիայում և այլուր, ինչքան ուսանողներ են սովորում, և ինչքան պետք է աշխատես, որ քեզ կանչեն Մոսկվայի մեծ թատրոն, քեզ դերեր տան ռուսական օպերաներում կամ՝ Իտալիայի մայրաքաղաքում իտալական օպերաներում երգելու հնարավորություն։ Հենց այնպես չեն լինում նման բաները։ Օր ու գիշեր այդ մտքերով ես, այդ մասնագիտությամբ քնում և արթնանում ես, և ապրելու ժամանակ շատ քիչ է մնում, բայց գիտես, որ այդ ամենը քո կյանքն է, և, եթե չլինի, տխուր ու անհաջողակ քեզ կհամարես։

-Շնորհակալ եմ, Գևորգ, որ մեզ ժամանակ տրամադրեցիք։  Մաղթում եմ, որ Ձեր հաղթանակները շատ լինեն, նվաճումները՝ գլխապտույտ։ 

-Ես եմ շնորհակալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում