Կրթություն

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցները Երևանում ներկայացրին իրենց բազմաբնույթ նախագծերը

7 րոպեի ընթերցում

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցները Երևանում ներկայացրին իրենց բազմաբնույթ նախագծերը

Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, որի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություն սերմանել, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները, մարտի 29-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հարկի տակ էր համախմբել բոլոր մասնակիցներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ակադեմիա եկած դպրոցականները հետաքրքրվածներին ոգևորությամբ ներկայացնում էին իրենց բազմաբնույթ հետազոտությունների արդյունքները՝ չբացառելով հետագայում լրջորեն գիտությամբ զբաղվելու հավանականությունը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ հանրակրթության պետական չափորոշչի կարևոր առանձնահատկություններից ու բաղադրիչներից մեկը նախագծային աշխատանքների իրականացումն է։ «Աշակերտներն իրենց նախագծային աշխատանքները, որոնք հետազոտական, գիտական բնույթի են, ներկայացնում են փառատոնին, որը շատ ենք կարևորում։ Տարեցտարի փառատոնի մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի նախագծերի թիվը 50-ով շատ է։ Նկատում ենք, որ երեխաները, որոնք ցանկանում են զբաղվել հետազոտական, ստեղծագործական աշխատանքով, հետագայում՝ գիտությամբ, մասնակցում են փառատոնին։ Սա նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից ունի կարևոր նշանակություն»,-հավաստիացրեց փոխնախարարը։

Քիչ չեն մարդիկ, որոնց Սվաջյանը տարիներ առաջ հանդիպել է փառատոնին, իսկ այժմ՝ համալսարաններում։ Փառատոնի մասնակիցներն արդեն որպես ուսանող շարունակում են տարբեր հետազոտություններ իրականացնել։ Նա ուրախ է, որ շուրջ 230 սովորող մասնակցում է փառատոնին, ինչը վկայում է այն մասին, որ աշակերտների համար նախագծային աշխատանքները կարևոր նշանակություն ունեն։

Փառատոնի ժյուրիի անդամ Գոռ Մարգարյանը, որը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու է, ընդգծեց՝ ուրախալի է տեսնել փառատոնին աշակերտների ներգրավվածության,  հետաքրքրվածության աճը։ «Բավականին հետաքրքիր ծրագրեր են ներկայացված։ Կոնկրետ մենք դիտարկում ենք հասարակական գիտություններին վերաբերող թեմաները, որոնք՝ ի տարբերություն նախորդ տարվա, առաջընթաց են գրանցել։ Աշխատանքներում համադրված են տարբեր ուսումնասիրությունների մեթոդներ։ Շատ հետաքրքիր է Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ տեսնելը, մեր բանավոր ավանդույթի ուսումնասիրությանը վերաբերող նախագիծը։ Ուշագրավ է, որ 6-7-րդ դասարանների աշակերտների մշակած մեթոդոլոգիայով առաջ է քաշվել այնպիսի հրաշալի ծրագիր, որն ինձ զարմացրել է։ Խոսքը վիքիպեդիայում տեղ գտած կեղծ հոդվածների ու հանրայնացման խնդրի մասին է։ Երեխաներն ուսումնասիրություն են արել ու հարցումներ են անցկացրել նաև գիտնականների շրջանում՝ պարզելու, թե հասարակության ո՞ր շերտն է օգտվում այդ հոդվածներից և այլն։ Անդրադարձել են նաև օդի աղտոտվածությանը, էկոլոգիական այլ խնդիրների»,-ասաց Մարգարյանը։

Փառատոնին Վանաձորի Դանիել Վարուժանի անվան  հ. 16 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն անդրադարձել են բույսերի աճի վրա տարբեր լուծույթների ազդեցությանը։ Աշակերտուհի Աիդա Տավարատյանն ասաց՝ նախագծային աշխատանքի ընթացքում վեց տարբեր լուծույթով ջրել և ուսումնասիրել են ցորենի, լոբու և ոսպի աճը։ «Տարբեր ափսեներում ցանել ենք սերմերն ու հետևել ընթացքին, հետո՝ գրանցել արդյունքները։ Ուսումնասիրել ենք աղաջրի, սոդայաջրի, շաքարաջրի, համակցված կերի ու հացահատիկային մնացորդների լուծույթի ազդեցությունն ու  պարզել, որ ամենաարդյունավետը հացահատիկային մնացորդների լուծույթն է»,-պատմեց Աիդան։

Գավառի Մնացական Բունիաթյանի անվան հ. 8 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները պատրաստել են բուժիչ օճառներ, որոնք ստացել են ալոեի թարմ մզվածքից։ Աշակերտուհի Տաթև Հայրապետյանը պատմեց, որ ավելացրել են նաև հակաբակտերիալ դեղանյութեր, վիտամիններ։ Օճառներին գույն հաղորդելու համար ավելացրել են ներկեր, որոնք անվնաս են։ «Օճառները կիրառել ենք տարբեր տարիքի մարդկանց շրջանակում և հասկացել, որ թե՛ դեռահասների, թե՛ հասուն մարդկանց վրա դրանք դրական ազդեցություն են ունենում։ Մենք մտադիր ենք շարունակել նոր օճառներ պատրաստել, ավելի հետաքրքիր նախագծեր իրականացնել»,-նշեց նա։

Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցի 6-րդ դասարանը ներկայանում էր «Ծաղիկների բույրը» նախագծով։ Աշակերտուհի Մանանա Հայրապետյանը տեղեկացրեց, որ օգտագործել են արմավենու, կոկոսի, գերչակի յուղեր, ձիթայուղ, ալկալի, թորաջուր և պատրաստել են օճառներ։ «Օճառները մարդու գլխամաշկի, ձեռքերի, ինչպես նաև լվացքի համար են։ Եթե մենք ձեռքերը կամ գլուխը լվանանք լվացքի փոշիով, մաշկը կգրգռվի ու վատ հետևանքներ կլինեն, ուստի մեր օճառները բնական յուղերից են։ Օճառները տարբեր չափսերի են, տարբեր ձևերի»,-ասաց աշակերտուհի Նանե Ճշմարիտյանը։ Նրանք նախատեսում են նաև փոքրիկների համար օճառներ պատրաստել, որոնք չեն մրմռացնի երեխաների աչքերը։

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2025»-ին մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեին իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեին փառատոնի եզրափակիչ փուլում:
Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: 

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ։ Եզրափակիչ փուլին կորոշվի յուրաքանչյուր անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակը, ինչպես նաև միջազգային գիտատեխնիկական փառատոններին մասնակցող նախագծերը: Լավագույնը ճանաչված նախագծերը կարող են ներկայացվել միջազգային մրցույթների՝ ԱՄՆ միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2025)», «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում