Իրավունք

Նախատեսվել են սնանկության համապարփակ կարգավորումներ. առաջին անգամ մշակվել է Սնանկության օրենսգիրքը

3 րոպեի ընթերցում

Նախատեսվել են սնանկության համապարփակ կարգավորումներ. առաջին անգամ մշակվել է Սնանկության օրենսգիրքը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության  նախարարությունից՝ նշելով, որ նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 

Սնանկության օրենսգրքի նախագծով, ի թիվս այլնի, կարգավորվելու են մի շարք հարցեր: 

Միասնականացվել և կենտրոնացվել են սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները, այդ թվում՝ օրենսգրքով կարգավորվել են նաև վարութային և դատավարական բոլոր ընթացակարգերը, գործերի ենթակայությունը և այլն:

Տարանջատվել են պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները և սնանկ ճանաչվելու հիմքերը։

Հստակեցվել են սնանկության կանխարգելման դատական և արտադատական կառուցակարգերը, ամբողջությամբ նորովի նախագծվել է կանխարգելիչ վերակառուցման վարույթը՝ փոխարինելով սնանկության վտանգի վարույթին:

Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու համար պարտատերերը խմբավորվել են առանձին դասերում՝ շահերի որոշակի ընդհանրությամբ: Ֆինանսական առողջացումը հնարավոր կլինի պարտադրել դատարանի որոշմամբ («cram-down»)։

Անդրադարձ է կատարվել սնանկության հատուկ ընթացակարգերին, մասնավորապես՝ նախատեսվել են ֆիզիկական անձ պարտապանի սնանկության համապարփակ կարգավորումներ, նախատեսվել են հատուկ/պարզեցված կարգավորումներ փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների և հատուկ կարևորության կազմակերպությունների համար: 

Վերանայվել և հստակեցվել է սնանկության կառավարիչների լիազորությունների ծավալը: 

Նախատեսվել են անդրսահմանային սնանկության հետ կապված համապարփակ կարգավորումներ:

Նախագծերի հանրային քննարկման ժամկետը սահմանվել է մինչև 30.04.2025 թվականը: Ավելին, նշված ժամկետի ավարտից հետո որոշ ժամանակ Արդարադատության նախարարությունը կշարունակի ընդունել էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված առաջարկները ևս, իսկ մայիս ամսվա ընթացքում ֆոկուս խմբերի շրջանակներում կկազմակերպվեն հանրային դեմ առ դեմ քննարկումներ` նախագիծն ըստ անհրաժեշտության լրամշակելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում