Գյումրիի թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր» միջոցառմանը
1 րոպեի ընթերցում

Գյումրիում գործող բոլոր թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը՝ ներկայացնելով բազմազան ու յուրահատուկ մշակութային ծրագրեր:
Թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների համար մայիսի 17-ին առավոտյան ժամը 11:00-ից մինչև կեսգիշեր, իսկ մայիսի 18-ին կաշխատեն իրենց սովորական ռեժիմով։
«Այդ օրը թանգարանները ողջ օրվա ընթացքում իրենց հյուրերին կընդունեն հետաքրքիր միջոցառումներով։ Կլինեն համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, գրական քննարկումներ, ցուցադրություններ։ Բոլոր թանգարաններում կլինեն նորություններ, որոնք կբերեն ակտիվություն և այդ ակտիվությունն էլ կպահպանվի մինչև կեսգիշեր։ Շատ հետաքրքիր ու խորհրդավոր թանգարանային գիշեր ենք ունենալու։ Մեկ օրում տարբեր ձևաչափերով, կանցկացվի շուրջ 15 միջոցառում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Թանգարաններում և դրանց հարակից տարածքներում գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, դիտելու ցուցահանդեսներ, մասնակցելու ցուցադրությունների և վայելելու համերգային ծրագրեր։