Վարույթը չպետք է տուժի քո ինքնազգացողությունից, անձնական խնդիրներից կամ հոգեվիճակից. քննիչ Մարիամ Այդինյան
16 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին նկատելիորեն աճել է կանանց հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը իրավապահ համակարգում, հատկապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս ոլորտն էլ ավելի հրապուրիչ կամ գրավիչ դարձնելու համար հատուկ միջոցների անհրաժեշտություն չկա։ Եթե մարդն իր ներսում գալիս է այն գիտակցման, որ այս աշխատանքը իրեն հետաքրքիր է, ապա դա արդեն իսկ բավական է։ Կանանց միամսյակի և Մայրության ու գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, առաջին դասի խորհրդական Մարիամ Այդինյանը։
Իրավապահ համակարգում երկար տարիների փորձ ունեցող Մարիամ Այդինյանը պատմեց, թե ինչպես է ընթանում քննիչի աշխատանքային օրը, ինչ մարտահրավերների են բախվում կանայք իրավապահ համակարգում, և ինչ ուղերձ ունի նա բոլոր այն աղջիկների համար, որոնք երազում են քննիչ դառնալ։
- Կխնդրեմ պատմել, թե ինչպես է սկսվում և ավարտվում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի աշխատանքային օրը։
-Առօրյան սովորական պետական համակարգում աշխատող բոլոր աշխատողների նման՝ ժամը 9։00-ին առնվազն պետք է ներկայանանք աշխատավայր։ Բայց, աշխատանքի բնույթից ելնելով, բնականաբար, մենք ժամը 18:00-ին կամ 20:00-ին չենք ավարտում մեր աշխատանքը։ Որպես կանոն՝ առնվազն 12-ժամյա աշխատանքային օր է՝ սա լավագույն դեպքում։ Սա ընդհանուր պատկերն է զուտ ծանրաբեռնվածության տեսանկյունից։
Իրավապահ համակարգը, իր սպեցիֆիկ բնույթով պայմանավորված, բնականաբար, սովորական աշխատանքային օր չունի, որովհետև անընդհատ առնչվում ենք քաղաքացիների հետ, որոնք ոչ թե գալիս են սովորական զրույցի, այլ՝ հարցաքննության, ինչ-որ քննչական, վարույթային գործողության մասնակցելու։ Դա ենթադրում է որոշակի տրամադրվածություն քաղաքացիների կողմից, որոշակի հատուկ մթնոլորտի ստեղծման կարիք է լինում, որպեսզի կոնտակտը ստեղծվի քաղաքացու հետ՝ լինի դա վկա, մեղադրյալ, թե տուժող։
Սրանով պայմանավորված էլ մենք մեր գործը համակցում ենք մարդկանց հետ աշխատելու որոշակի մեխանիզմների կիրառալու հետ։ Եվ դրան գումարվում է նաև տեխնիկական աշխատանքը։ Քննիչի աշխատանքը շատ տեխնիկապես հագեցած ու ծանրաբեռնված է՝ սկսած հարցաքննության ընթացքում արձանագրություն տպելուց, վերջացրած զննություն, խուզարկություն, առգրավում իրականացնելուց, որոնք որոշ դեպքերում բավականին ծանր են նաև ֆիզիկապես։
-Ձեր աշխատանքը հիմնականում գրասենյակայի՞ն է, թե՞ նաև դաշտային աշխատանք եք կատարում։
-Գործից է կախված։ Իհարկե, եթե համեմատենք Քննչական կոմիտեի քննիչների աշխատանքի հետ, կարելի է ասել, որ մեր աշխատանքն ավելի շատ գրասենյակային կամ աշխատասենյակային բնույթ ունի։ Բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը մի փոքր տարբեր է՝ թե՛ փաստաթղթերի բովանդակությամբ, թե՛ զննության ծավալներով։ Միաժամանակ, այսպես ասած, դաշտում ևս աշխատում ենք՝ գործողումներով պայմանավորված։ Սա նույնպես ազդում է ծանրաբեռնվածության վրա։
-Իսկ ինչո՞վ է առանձնանում հակակոռուպցիոն համակարգում աշխատելը։ Ի՞նչն է այն առանձնահատուկ դարձնում։
-Դա պայմանավորված է հենց հակակոռուպցիոն պայքարի բնույթով՝ քննվող գործերի բնույթով, ծանրությամբ և սուբյեկտներով։ Իհարկե, յուրաքանչյուր գործ ունի իր սպեցիֆիկ առանձնահատկությունները, սակայն հակակոռուպցիոն ոլորտի հանցագործությունները պահանջում են լրիվ այլ մոտեցում։ Իրականում հենց այս հանգամանքն էլ է դարձել նմանատիպ կառույց ստեղծելու պատճառը։ Ահա թե ինչու այս ոլորտում աշխատանքն էապես տարբերվում է մյուս հիմնարկների աշխատանքից։
-Ի՞նչ մարտահրավերների եք բախվում որպես կին մասնագետ այս ոլորտում։
-Ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեն, ընդհանրապես իրավապահ համակարգը տարիներ շարունակ միշտ էլ պատրիարխալ համակարգ է եղել։ Վերջին հինգ-տաս տարվա կտրվածքով(համենայնդեպս իմ աշխատանքի ժամանակահատվածում) բավականին փոխվել է դեպի լավն այս առումով, և կանայք, աղջիկներն ավելի պատրաստակամ են ու ավելի են ուզում ներառվել այս համակարգում, բայց ամեն դեպքում կան որոշակի կարծրատիպային մոտեցումներ կին աշխատողների հետ կապված։ Սա ոչ միայն հենց մեր կառույցում, այլ օրինակ՝ ոստիկանությունում և այլ կառույցներում, որոնց հետ այսպես թե այնպես առնչվում ես, ու, բնականաբար, երբ քաղաքացին մտնում է քննիչի աշխատասենյակ, մտնելուց առաջ հիմնականում պատկերացնում է, որ տղամարդու աշխատասենյակ է մտնում։ Ամենապարզ օրինակը բերեմ․ երբ գրություն ես գրում որևէ տեղ, միշտ պատասխանում են՝ «պարոն Այդինյան»-ով, երբեք չեն մտածում, որ գրողը կարող է լինել կին, եթե անունդ ամբողջությամբ չես գրում։ Սա ամենապարզ օրինակն է, որը ցույց է տալիս, որ դեռ պահպանվում է այն մոտեցումը, թե իբր այս ոլորտում միայն տղամարդիկ կարող են լինել։ Սրանով պայմանավորված, իհարկե, հատուկ չես աշխատում ինչ-որ մի բան ապացուցելու համար, բայց որոշակի բարդություն ստեղծվում է։
-Ինչպես եք համատեղում անձնական կյանքն ու աշխատանքը։ Բախվո՞ւմ եք դժվարությունների, թե՞ այս աշխատանքն արդեն դարձել է սովորական Ձեր համար։
- Արդեն վեց տարուց ավելի աշխատում եմ իրավապահ համակարգում։ Դրանով պայմանավորված՝ ընտանիքի անդամները, հարազատները, մերձավորները արդեն իսկ համակերպվել են այս իրավիճակին։ Բնականաբար, այս աշխատանքի պատճառով շատ հաճախ հնարավոր չի լինում տեսնել ընտանիքի անդամներին։ Այսինքն՝ առավոտ շուտ դուրս ես գալիս տնից, իսկ երբ երեկոյան վերադառնում ես, արդեն բոլորը գրեթե քնած են։ Սոցիալական կապերի պահպանման տեսանկյունից դժվար է։ Միջոցառումների մասնակցությունը, հարազատների հետ հանդիպումները, ընկերական շփումները, բնականաբար, տուժում են։ Բայց առաջնահերթությունների տեսանկյունից, իհարկե, այս գործը պահանջում է որոշակի նվիրվածություն և զոհողություններ՝ այդ թվում նաև սոցիալական կյանքի այս հարցերում։
-Ինչո՞վ է հետաքրքիր հակակոռուպցիոն ոլորտը, և ինչո՞վ է այն կարևոր Ձեզ համար:
-Կոռուպցիայի դեմ պայքարը պետականության, պետության հիմնաքարային գործառույթներից մեկն է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի պետական համակարգը նորմալ աշխատի, պետությունը գոյատևի, իսկ բնակչությունը զուգահեռաբար զարգանա։ Առանց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի այս ամենն ապահովել հնարավոր չէ։
Հակակոռուպցիոն պայքարը հենց ինքնին պետական ապարատի բնականոն գործունեության հիմնական գրավականներից մեկն է։ Երբ գիտակցում ես, որ այս ոլորտում աշխատելով, թեկուզ մի քանի գործ քննելով, կարող ես քո ներդրումն ունենալ պետության պահպանության հարցում, դա, բնականաբար, ուժ է տալիս նաև Ձեր նշած բարդությունները հաղթահարելու համար։ Քանի որ հասկանում ես՝ այս ամենն անում ես ավելի մեծ նպատակի համար։
-Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչել մտնել իրավապահ համակարգ և հետագայում դառնալ քննիչ։
- Մեր դպրոցի տնօրենը ինձ խորհուրդ տվեց ընտրել իրավաբանության ոլորտը։ Տարիներ շարունակ ինձ ճանաչելով՝ երևի նա համարեց, որ դա ճիշտ ուղի կլինի ինձ համար։ Սովորել եմ Արցախի պետական համալսարանում, իսկ մագիստրատուրան՝ արդեն Երևանի պետական համալսարանում։ Որոշ ժամանակ աշխատել եմ որպես փաստաբանի օգնական, բայց հետո հասկացա, որ փաստաբանությունը իմը չէ։
Այնուհետև շուրջ հինգ տարի աշխատել եմ Արցախում՝ որպես դատախազ։ Վերջին դեպքերով պայմանավորված՝ տեղափոխվել եմ Երևան, կարճ ժամանակ աշխատել եմ Քննչական կոմիտեում, իսկ այժմ աշխատում եմ Հակակոռուպցիոն կոմիտեում՝ քննիչի պաշտոնում։
-Այսօր հետ նայելով Ձեր անցած ճանապարհին՝ ի՞նչ զգացումներով եք նայում Ձեր մասնագիտական ուղուն։
-Զգացողությունները տարբեր են եղել, բայց վերջում միշտ մեծ բավարարություն եմ զգացել կատարված աշխատանքից։ Իրավապահ համակարգում աշխատելը, հատկապես քննիչի կամ դատախազի գործը, այսինքն՝ պրակտիկ աշխատանքը, իրոք շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր է ոչ միայն արդյունքը, որը, իհարկե, ամենակարևորն է, այլև հենց ընթացքը՝ շփումները, ընթացիկ հարցերի լուծումը։ Այս ամենն իրենց առանձին հետաքրքրությունն ունեն։ Եվ գործունեության ամբողջ ընթացքում երբեք չի եղել մի օր, երբ զղջամ, որ ընտրել եմ իրավապահ ոլորտը։ Ինձ այլ ոլորտում պարզապես չեմ պատկերացնում։
-Կարո՞ղ եք պատմել որևէ դեպք կամ գործ, որը հատկապես տպավորել է Ձեզ՝ որպես մասնագետի։
Կան, դրանք նաև ընթացիկ գործերն են։ Ճիշտն ասած՝ մանրամասներ շատ չեմ կարող հայտնել՝ նախաքննական գաղտնիքի և տակտիկայի տեսանկյունից։ Բայց կան բավականին հետաքրքիր գործեր ոչ թե անձանցով պայմանավորված, այլ հենց հանցավոր սխեմաներով, ներգրավված անձանց միջև առկա կապերով։
Կարծում եմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում գրեթե չկա ոչ հետաքրքիր կամ ոչ բարդ գործ։ Միգուցե, հենց դրանով էլ այն տարբերվում է այլ իրավապահ մարմիններից։ Այստեղ քննվող յուրաքանչյուր գործ իր քրեաիրավական և քրեադատավարական տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում։
Իհարկե, գործերի մեծ մասի դեպքում նաև հանրային հնչեղությունն է մեծ։ Դրա համար դժվար է առանձնացնել որևէ կոնկրետ գործ, որովհետև յուրաքանչյուրը յուրովի առանձնահատուկ է և տարբերվում է իր այս կամ այն ասպեկտով։
Ձեր աշխատանքն ավելի շատ լռություն է պահանջում, բայց արդյոք զգո՞ւմ եք արդյունքների հանրային ազդեցությունը։
Չեմ կարող ասել, թե դա հնարավոր է ապահովել միայն մեկ գործով։ Սա ավելի շատ համակարգային հարց է։ Մեկ, երկու կամ նույնիսկ տասը գործով ամբողջ ազդեցությունն ապահովել հնարավոր չէ։ Սա կարող է լինել ընդհանրապես պետական ապարատի և տարբեր կառույցների համատեղ արդյունավետ գործունեության արդյունք։ Բայց առանձին գործերով էլ, այո, լինում են հետաքրքիր պահեր։ Օրինակ՝ տաքսի ես նստում, և հենց այն գործի մասին, որին դու էլ մի ժամանակ առնչվել ես, լուրերով տեղեկություն են հայտնում։ Տաքսիստն էլ իր կարծիքն է արտահայտում, և դու հասկանում ես, որ նա պատկերացում ունի այդ գործի կարևորության մասին՝չնայած նրան, որ կարող է չիմանալ, թե դու քննիչ ես։ Հետո սկսում է պատմել, իր կարծիքը հայտնել՝ այս մեկին դատեցին, այս մեկին՝ բաց թողեցին։ Եվ դրա միջոցով, թեկուզ անուղղակի, հասկանում ես, թե հասարակության տրամադրվածությունն ինչպիսին է։
-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է խրախուսել ավելի շատ կանանց ներգրավվածությունն այս ոլորտում։
-Կարծում եմ՝ վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք է տարվել։ Իրավապահ համակարգում, մասնավորապես Քննչական կոմիտեում և Հակակոռուպցիոն կոմիտեում, էապես ավելացել է կին աշխատողների թիվը, այդ թվում՝ կանայք նաև զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։ Այսինքն՝ հենց այդ թվաքանակի աճը, այդ շարժը, արդեն իսկ վկայում են, որ ոլորտը հրապուրիչ է, և մարդիկ իսկապես ուզում են այստեղ աշխատել։
Ավելին՝ կարծում եմ, որ այն էլ ավելի հրապուրիչ կամ հետաքրքիր դարձնելու համար հատուկ միջոցների անհրաժեշտություն չկա։ Եթե մարդն իր ներսում գալիս է այն գիտակցման, որ այս ոլորտը իրեն հետաքրքիր է, ապա դա բավարար է։ Ի վերջո, ոչ բոլոր տղամարդիկ են հետաքրքրված այս ոլորտով։ Այստեղ ամեն ինչ կախված է ոչ թե սեռից, այլ մարդու ներքին մղումներից, բնավորությունից, մասնագիտական մոտեցումից։ Եթե անձը իրեն տեսնում է այս համակարգում՝ անկախ նրանից կին է, թե տղամարդ, ապա այսօր որևէ խոչընդոտ չկա։
Եթե նախկինում իմ ավելի տարիքով գործընկերուհիներից շատերն են պատմել, որ երբեմն միայն կին լինելու հանգամանքը խանգարում էր համակարգ մտնելուն, ապա այսօր այդ խնդիրը վերացել է։ Այս պահին համակարգ մտնելու ճանապարհին խոչընդոտներ չկան։ Պետք է պարզապես ցանկություն, համբերություն, ուժ և եռանդ։
Կանանց միամսյակի կապակցությամբ ի՞նչ ուղերձ կփոխանցեք այն կանանց և աղջիկներին, որոնք երազում են դառնալ քննիչ։
Նախ՝ պետք է լավ մտածել։ Ինչպես ցանկացած կարիերայի դեպքում, սա էլ մի որոշում է, որը հեշտ չի կայացվում։ Բայց պետք է հասկանալ, որ սա պարզապես կարիերա չէ։ Իրավապահ համակարգում, հատկապես քննիչի աշխատանքում, միշտ կան բարդություններ։ Եվ այդ բարդություններին նրանք, որոնք պատրաստվում են ընտրել այս ոլորտը, միանշանակ կբախվեն։
Այն աղջիկները և կանայք, որոնք ուզում են մտնել այս համակարգ, պիտի հաշվի առնեն, որ անձնական կյանքը, իսկ երբեմն նաև առողջությունը կարող է տուժել։ Որովհետև եթե գործը պետք է արվի, ապա այն պետք է արվի ամեն գնով։ Վարույթը չպետք է տուժի քո ինքնազգացողությունից, անձնական խնդիրներից կամ հոգեկան վիճակից։ Այդ ամենը մղվում է երկրորդ պլան, և առաջնային է դառնում քննությունը՝ ճշգրիտ, արդարացի, բազմակողմանի։ Իսկ դա պահանջում է մեծ ներուժ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական։
Ուստի պետք է շատ լավ պատկերացնել, թե ինչ է սպասվում։ Ցանկալի է նախապես շփվել համակարգում արդեն աշխատող մարդկանց հետ։ Ինձ թվում է՝ գրեթե ամեն ոք ունի ծանոթ կամ բարեկամ, որն աշխատում է ոստիկանությունում, քննչականում, դատախազությունում կամ դատարանում։ Կարևոր է պատկերացում կազմել, նախքան որոշում կայացնելը։
Իհարկե, երբ գործը հասնում է դատարան, և մեղավոր անձը պատժվում է, ու դու տեսնում ես քո աշխատանքի արդյունքը, դա մեծ ներքին բավարարվածություն է տալիս։ Բայց մինչ այդ պահին հասնելը պահանջվում է մեծ աշխատանք ու նվիրվածություն։ Ամեն մարդ ինքն է որոշում իր առաջնահերթությունները։
Միաժամանակ, պետք է շատ սովորել։ Ոչ ոք համակարգ չի մտնում արդեն պրակտիկ գիտելիքներով։ Ես ինքս, երբ սկսեցի աշխատել, գործնական փորձ չունեի, բայց տեսական գիտելիքն արդեն արդյունավետության կեսն է։ Իհարկե, կարևոր է տեսականը կարողանալ կիրառել պրակտիկայում, բայց առանց դրա պարզապես անհնար է աշխատել։
Եթե ուսումնառության ընթացքում ինչ-որ բան բաց ես թողել, ապա համակարգ մտնելիս, հատկապես քննիչի աշխատանքում, շատ բարդ է։ Այս գործը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլ նաև արագ կողմնորոշվելու ունակություն՝ այդ գիտելիքը տեղում կիրառելու համար։
Աշխատանքային պրոցեսում անընդհատ առաջանում են պրակտիկ հարցեր, որոնցում արագ պետք է կողմնորոշվել։ Ժամանակ չես ունենում միանգամից դիմելու ղեկավարի կամ դատախազի՝ խորհուրդ հարցնելու։ Դու ինքդ պետք է տեղում կարողանաս ճիշտ որոշում կայացնել։
Սա հնարավոր չէ առանց տեսական հիմքի ու արագ կողմնորոշվելու ունակության։ Դրա համար, քանի դեռ ուսանող են, քանի դեռ ունեն այդ առավելությունը, պետք է շատ սովորեն։ Եթե տեսական գիտելիքը կա ու ցանկություն էլ կա, ապա համակարգ մտնելը խնդիր չէ։