4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրական թերթ»-ը մարտի մեկից կղեկավարի հայտնի դրամատուրգ, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը, ով այդ պաշտոնն արդեն երկրորդ անգամ է զբաղեցնում: Դրամատուրգը թերթին առաջին անգամ թղթակցել է 1997-98 թթ-ին` ընթերցող հասարակությանը ներկայացնելով մի պատմվածք, որի վերնագիրը չի հիշում:
Առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ն առաջինը զրուցեց Կարինե Խոդիկյանի հետ:
-Տիկին Խոդիկյան, Ձեր մուտքը «Գրական թերթ» առաջին անգամ չէ, մինչեւ մշակույթի փոխնախարար դառնալը Դուք եղել եք այդ պաշտոնում: Ի՞նչ զգացողություններ ունեք հիմա, Ի՞նչ սպասելիքներով եք աշխատելու:
Ընդհանրապես, ասում են, որ նույն գետը երկրորդ անգամ չի կարելի մտնել, պարզվում է կարելի է, եթե դա «Գրական թերթն» է (ժպտում է): Այո, երկրորդ անգամ եմ գնում: Պատերը նույնն են, մթնոլորտն ու աշխատակիցները գրեթե նույնն են: Այնպես որ տունդարձի զգացողություն ունեմ: Վերադառնում եմ հարազատ ընտանիք: Ընդամենը իմ առջեւ խնդիրներ եմ դրել, որոնք պետք է անպայմանորեն լուծում ստանան:
-Ո՞րը կլինի Ձեր առաջին քայլը:
Ամենաառաջին քայլը կլինի էլեկտրոնային կայքի ստեղծումը, որը միայն թերթ չի լինի: Իմ նշանաբանն է «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», այնպես որ դա զուտ թերթ չի լինելու, այլ կդառնա մշակութային պորտալ: Այդ հեռահայաց նպատակն ունենք: Ուզում եմ այն այնպիսի «կառույց» լինի, որն իր շուրջը կարող է հավաքել ինչպես նկարիչներին, այնպես էլ` քանդակագործներին, կոմպոզիտորներին, արվեստագետներին:
Եթե մինչեւ տարվա վերջ չկարողանամ իրականացնել այս ծրագիրը, ես պարզապես դուրս կգամ, որովհետեւ այլեւս անելիք չեմ ունենա:
-Ի՞նչ փոփոխություն եք ցանկանում մտցնել թերթի բովանդակային մասում:
Ես ուզում եմ օգնել գրողին արտահայտվել ոչ միայն իր գրածով, այլեւ իր խոսքով, իր դիրքորոշմամբ, քաղաքացիական ինչ-ինչ գնահատականներով, որպեսզի թերթը հետաքրքիր լինի կարդալ ոչ միայն գրողներին, այլեւ սովորական ընթերցողին: Ուզում եմ, որ այն դառնա այսօրվա շնչով ապրող թերթ: Իզուր չի մեծ բանաստեղծը ասել` «թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձի»: 2001-2004 թվականներին հենց այդ նշանաբանով եմ աշխատել, հիմա նույնը կլինի` ավելի շատ, որովհետեւ իմ երկիրը բավական խնդիրների առաջ է կանգնած` տնտեսականից մինչեւ բարոյահոգեբանական, եւ կուզենամ, որ այդ ամենի մասին խոսակցություն ծավալվի «Գրական թերթ»-ի էջերում, որին մասնակից լինեն ոչ միայն գրողները, այլեւ Հայաստանի մտածող մարդիկ:
-Տիկին Խոդիկյան, Հայաստանի գրողների միությունը չորս հարյուրից ավելի անդամ ունի: Ինչպե՞ս եք նախատեսում համախմբել բոլորին «Գրական թերթ»-ի շուրջ:
Պետք է բոլորը համախմբվեն ոչ թե թերթի, այլ` գաղափարի շուրջ: Պետք է համախմբել ասելիքի առումով` ես քեզ տալիս եմ հրապարակ, դու ասա քո ասածը: Երբ գրողի ասածը չի համընկնում հասարակության լայն զանգվածների մտածողության հետ, դա ոչ թե հասարակության, այլ գրողի խնդիրն է: Եթե նա վստահ է, որ իր ասելիքը կարեւոր է, վճռորոշ, կամ գոնե մեկին օգնում է, էլ չեմ ասում փրկելու մասին: Պետք է մտածել, ինչու չեն կարողանում հասկանալի դառնալ հասարակության համար: Խնդիրը ասողինն է, լսող միշտ էլ կգտնվի:
-Սովորաբար, ընդունված է կարծել, որ գրողները շատ նեղացկոտ են: Ինչպե՞ս եք ղեկավարելու` առանց «նեղացնելու» տարիքով գրողներին:
Վախենամ` տնից դուրս չգամ (ծիծաղում է): Շաքար լինելու ցանկություն ամենեւին չունեմ, ոչ էլ այնքան դառը լինելու, որ ինչպես Մաթեւոսյանն էր ասում, թքեն: Ես հարգում եմ տարիքը, մարդու վաստակը, բայց եթե դիմացս անախրոնիզմ է, առաջ կգա Խոդիկյանի անզիջում լինելը:
«Գրական թերթ»-ի խնդիրը կլինի հերթական անգամ հոգեւոր Հայաստանի որոնումը: