1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Հորդանանի միջև կստորագրվի «Զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը, այս մասին հարցն ընդգրկված է գործադիրի` փետրվարի 23-ի նիստի օրակարգում: Համաձայնագրի նպատակն է՝ հաստատել երկկողմ ավելի սերտ համագործակցություն զբոսաշրջության բնագավառում, ինչը նպաստի երկու երկրների ժողովուրդներին ճանաչել միմյանց պատմությունը, մշակութային ժառանգությունը, ժողովուրդների կենցաղն ու ապրելակերպը:
Համաձայանգրի շրջանակներում կներգրավվեն զբոսաշրջային ներդրումներ, կիրականացվի զբոսաշրջության բնագավառի տեղեկատվության փոխանակում և փորձի փոխպանակում: Նախատեսվում է նաև կազմակերպել երկու երկրների զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցեր:
Կողմերը կփոխանակեն տարբեր մասնագիտական խմբեր, որոնք կմասնակցեն մարզական, երաժշտական, թատերական միջոցառումներին և ազգային փառատոներին, զբոսաշրջության ոլորտին վերաբերող ցուցահանդեսներին, սիմպոզիումներին և համաժողովներին: